Ճգնաժամը. Ու՞մ մտքով կանցներ երեքամյա երեխային պատանդ վերցնել

Ճգնաժամը. Ու՞մ մտքով կանցներ երեքամյա երեխային պատանդ վերցնել
Ճգնաժամը. Ու՞մ մտքով կանցներ երեքամյա երեխային պատանդ վերցնել

Որեւէ մեկի մտքով կանցնի՞ մտածել, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի երեխաներին պատանդ վերցնողը պետությունն է, ոչ թե՝ 36-ամյա Արգամ Հովիկյանը։ Հազիվ թե, չէ՞։ Բայց դա փաստ է։ Մանկապարտեզի անվտանգության պահպանման մասին ոչինչ չենք ասում։ Հայաստանում չկան անվտանգության կանոնները պահպանող մանկապարտեզներ։

Պետությունը չունի անհրաժեշտ սոցիալական եւ հոգեբանական մեխանիզմներ, որպեսզի երեխաների հետ աշխատողներն ընտանեկան խնդիր ունենալիս հեռու մնան դպրոցներից եւ մանկապարտեզներից, այսինքն, արձակուրդ վերցնեն։ Դա նշանակում է, որ ընտանեկան խնդիր ունենալիս պետք է լինեն համապատասխան երաշխիքներ, որ միմյանց խնդիրներով ամուսինները դուրս չգան մարդամեջ ու սկսեն «դրսեւորվել»։

Կարող էին, չէ՞, զույգով այցելել հոգեբանի, որպեսզի հասկանային, թե ինչքանով են անհաղթահարելի իրենց խնդիրները։ Եթե ամուսինն այնքան է սիրում իր կնոջը, որ չի կարող առանց նրա, իսկ կինն այնքան է ատում ամուսնուն, որ նրա հետ մի վարկյանն անգամ ավելի ծանր է ֆիզիկական կտտանքից, նշանակում է երկուսն էլ վտանգ են ներկայացնում հասարակության համար։ Կինը՝ հաստատ։ Որովհետեւ նա կրթարանի աշխատող է։ Տան խնդիրները կարող էին դրսեւորվել երեխաների հետ աշխատելիս։ Այս դեպքում մենք չգիտենք, թե ինչպիսի դաստիարակչուհի է նրա կինը։ Սակայն փաստ է, որ ընտանեկան իրացված կամ չիրացված բռնությունն Արգամ Հովիկյանը հանել է հասարակություն եւ դարձրել բոլորի վրա տարածվող հանցագործություն։

Կնոջ բռնության ենթարկվելու կամ չենթարկվելու մասին մենք ոչ մի տեղեկություն չունենք։ Իրավապահներին ապավինելու մշակույթ չկա, կուղարկեն տուն ասելով՝ խախանդ տեղդ նստիր, մարդուդ լսիր, ինչ ասում է՝ արա։ Համենայնդեպս, Երեւանից դուրս սա շատ հավանական վարք է։ Մենք տեղեկություններ չունենք նաեւ, թե ինչու է 36-ամյա երիտասարդը երեխաներին պատանդ վերցնելով պահանջել կնոջը։ Կարծես թե ակնհայտ է, որ նախկին զույգը երեխա չի ունեցել։

Հանցագործությունները «համաքայլ» են աշխարհի «զարգացումներին»։ Նախկինում ու՞մ մտքով կանցներ երեքամյա երեխային պատանդ վերցնել։ Ընդհանրապես, ու՞մ մտքով կանցներ պատանդառության վերցնել երեխաների՝ գրեթե մի ամբողջ մանկապարտեզ։

Դաստիարակչուհին հեռացել է իր ամուսնուց մտածելով, որ այդպիսով ամեն ինչ ավարտվել է։ Նա հանգիստ աշխատանքի է գնացել, գուցե գուրգուրել է այդ նույն փոքրիկին, որն այսօր մեր՝ մեծական պատկերացումներով, նայել է մահվան աչքերի մեջ, թեպետ ինքն էլ չի պատկերացրել, թե ինչ պատմության մեջ է ընկել։ Հենց միայն այդ երեխայի պատանդ լինելը հերիք է, որ պետությունն ուժեղացնի իր հոգեբանական ծառայությունները։ Որպեսզի դրանք լիցքաթափեն ստրեսային իրավիճակներում կամ անհաղթահարելի  տարաձայնություններ ունեցող ամուսինների անկանխատեսելի վարքը։

Եվս մի ցնցող դեպք Հայաստանի համար։ Բարեբախտաբար այն մահով չավարտվեց։ Բայց մենք արդեն «գիտենք», որ անհաղթահարելի խնդիրները հրապարակայնացնելու համար կարելի է նաեւ երեխաների պատանդ վերցնել։

Մենք արդեն նախադեպ ունենք։

Ինչու՞։

Որովհետեւ մարդու ներսում ծագող խնդիրների զահլեն իշխանությունը չունի։ Հունան Պողոսյանը ոգեւորված ասում է, որ երեխայի կյանքը փրկեց Արմավիրի ոստիկանապետը։

Այսինքն, ոստիկանը նաեւ հոգեբան էր։

Այսինքն, մենք տեսանք, չէ՞, որ հոգեբանական աշխատանքը երեխայի կյանք փրկեց։

Պատանդառուն իր կամքով է բաց թողել երեխային, լավ աշխատանքի արդյունքում, եթե հավատանք Հայաստանի փոխոստիկանապետին։

Հիմա մտածում են, թե ինչպես ստեղծել հերոսներ, որպեսզի հասարակության սիրտը նվաղի։ Իսկ միգուցե ընտանիքների հակաճգնաժամային կենտրոննե՞ր ստեղծենք։ Որպեսզի Արմավիրի ոստիկանապետը Աշոցքից մինչեւ Մեղրի չբարեխոսի, երբ որեւէ մեկի մտքով կանցնի եւս մեկին պատանդ վերցնել։

Մհեր Արշակյան

MediaLab.am