Քաշի նվազեցման դեղերը սկսել են ազդել Մեծ Բրիտանիայի փաբերի ու ռեստորանների բիզնեսի վրա

Մեծ Բրիտանիայում քաշի նվազեցման համար օգտագործվող ներարկումների տարածումը սկսել է փոխել մարդկանց սննդային վարքագիծը և, ըստ ոլորտի ներկայացուցիչների, արդեն ազդում է փաբերի ու ռեստորանների հաճախելիության վրա։

The Independent-ի փոխանցմամբ, Scottish Licensed Trade Association-ի հարցմանը մասնակցած 300 փաբերի, բարերի, ռեստորանների և հյուրանոցների 16%-ը նշել է, որ քաշի նվազեցման դեղերի պատճառով այցելությունների թիվը նվազել է։ Եվս 22%-ը նշել է, որ հաճախորդները դարձել են ավելի ընտրողական՝ թե ինչ և որքան են պատվիրում։

Խոսքը հիմնականում GLP-1 խմբի դեղերի մասին է, որոնք նվազեցնում են ախորժակը, սննդի նկատմամբ ցանկությունը և դանդաղեցնում մարսողությունը։ Մեծ Բրիտանիայում նման դեղեր օգտագործում է շուրջ 1.6 միլիոն չափահաս։

Հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ այս դեղերի տարածումը փոխում է հաճախորդների վարքագիծը․ մարդիկ ավելի քիչ են ուտում, ավելի քիչ են պատվիրում և հաճախ նաև ավելի հազվադեպ են այցելում սննդի ու խմիչքի վայրեր։