Փաշինյանը համատեղ հայտարարության բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության փաստաթղթի բազմաթիվ դրույթներում մեկնաբանությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու երկխոսություն չի կայանում քաղաքական ուժերի հետ, որոնք ասում են, թե տարբերակներ կան այդ փաստաթղթի դրույթներն ավելի հայանպաստ դարձնելու համար:

«Ես, ճիշտն ասած, չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն` ինչպես ավելի լավը դարձնել: Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, որ այսօր իրատեսական խնդիր չէ: Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն: Այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր գաղափարներն ու առաջարկներն ի մի կբերվեն և լավագույն առաջարկները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: