Փաշինյանի ելույթն ուներ երկու հիմնական մեսիջ՝ ուղղված Ռուսաստանին. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում ինչպե՞ս եք գնահատում, մեսիջները որո՞նք էին և ո՞ւմ էին ուղղված:

– Հիմնական մեսիջն այն էր, որ Հայաստանն ավելի է խորացնում իր հարաբերությունները Եվրամիության հետ կամ պատրաստ է խորացնելու, և որ Հայաստանը մեծ հիասթափություններ ունի ռուս խաղաղապահներից: Հիմնական մեսիջները սրանք էին՝ ուղղված Ռուսաստանի իշխանությանը:

 – Իսկ Ռուսաստանի կողմից արձագանք կլինի՞ ու ինչպիսի՞ն կլինի այդ արձագանքը:

– Իհարկե կլինի, բայց դա արդեն, կարծես թե, Հայաստանի իշխանություններին չի մտահոգում: Այսուհետ Հայաստանն ավելի համարձակ կլինի իր գործողություններում, որովհետև նախկինում Ռուսաստանը մեզ շանտաժ էր անում, սպառնում էր Արցախով, հիմա Արցախի գործոնը նրանց ձեռքին որպես խաղաքարտ չի մնացել: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում ավելի կխորացնի հարաբերությունները Եվրամիության հետ: 

– Արդյոք հակասություն չկա՞ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ շաբաթ առաջ արած հայտարարության, որ արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխում, Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները նույնությամբ շարունակում են, և այսօրվա հնչեցրած հայտարարության միջև:

– Իհարկե ո՛չ, քաղաքականության մեջ հաճախ պետք է ոչ թե հայտարարություններին հետևել, այլ՝ գործընթացների միտումներին: Այն, որ Հայաստանում ստեղծվում է նոր արտաքին հետախուզական ծառայություն, որի ղեկավարը վերապատրաստվում է արևմտյան երկրներից մեկում, ու այդ ծառայության կազմում, ըստ մտահղացման, ռուսական գործակալներ չպետք է լինեն, ցույց է տալիս, որ Հայաստանը նոր գիծ է որդեգրել: 

Հայաստանը չի հայտարարելու, որ փոխում է արտաքին քաղաքականության վեկտորը, բայց գործնականում, քայլ առ քայլ, թուլացնելու է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Անկեղծ ասած՝ հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև Հայաստանի արտահանման զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, ինչը տարեկան մոտ երկու միլիարդ դոլարի գումար է, իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը չի կարող կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորը, հաշվի առնելով, որ մեր երկիրը տարիներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով ինտեգրվել ու մտել է ռուսական տնտեսական ազդեցության ներքո, ու այդպիսի կտրուկ հայտարարությունները կարող են վնաս բերել հենց մեր երկրի տնտեսական զարգացմանը: Ֆորմալ առումով, այո՛, Հայաստանը դուրս չի գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, բայց քայլ առ քայլ գնալու է դրան:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ Արևմուտքի կողմից գործնականում կլինի՞ այդ աջակցությունը Հայաստանին, որ Ռուսաստանից հեռանալը հնարավորինս անցնցում լինի:

– Կարծում եմ՝ այո՛, Արևմուտքը պատրաստ է ավելի խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, ավելի գործուն աջակցություն ցուցաբերելու Հայաստանին: Այն, որ Ֆրանսիան հայտարարում է, թե պատրաստ է ռազմական տեխնիկա վաճառելու Հայաստանին, դրա վկայություններից մեկն է: Վստահ եմ, որ Ֆրանսիային հետևելու է նաև ԱՄՆ-ն, ու վստահ եմ, որ Արևմուտքի ֆինանսական աջակցությունը Հայաստանին ժամանակի ընթացքում ավելի է մեծանալու: 

– Ելույթի ժամանակ Փաշինյանը նաև խոսեց մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, եթե Ադրբեջանը, ինչպես նշվեց, հստակ թվերով ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը կանի՞ դա, ու ի վերջո կստորագրվի՞ այդ փաստաթուղթը:

– Կարծում եմ՝ չենք ունենալու այդ պայմանագիրը, Ադրբեջանը հավակնություններ է ցուցաբերում Հայաստանի տարածքում առկա «անկլավների»՝ «ութ գյուղերի» նկատմամբ, իսկ սա ցույց է տալիս, որ Ալիևի ախորժակը դեռևս չի փակվել, ու նա ուզում է նոր նվաճումների հասնել: Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am