Ռևազյանը հերքում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին լուրերը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի` դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիային զրկել է լիցենզիայից: Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս Ռևազյանն այս թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ տեսակապի միջոցով Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, կոմիտեն ևս հայտարարություն է տարածել:

«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց, այսինքն դա որևէ կապ չունի իրականության հետ: Եվ դա պարզ կարող եմ հերքել: Խոսքը գնում է այն մասին, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները՝ իրականացնելու չվերթներ դեպի Եվրոպա: Եվ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել»,-ասաց Ռևազյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս ասաջ իրենք նշել էին, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում մայիս ամսին: «Ինչպես նշել էի ամիսներ առաջ՝ իրոք մեր Քաղավիացիայի կոմիտեն շատ լուրջ փոփոխություններով պետք է անցնի, որովհետև մեր Քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից»,-ասաց Ռևազյանն ու նկատեց՝ երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ:

Նա շեշտեց՝ առկա լրջագույն խնդիրները  շատ-շատ  վաղուցվա խնդիրներ են, որոնք մեկ օրվա ընթացքում չեն լուծվի: Ռևազյանն ասաց՝ պետք է նոր մասնագետներ ներգրավել, պետք է ուսում տալ, նոր մոտեցումներ բերել Քաղավիացիա, և իրենք արդեն ընթացք են տվել, արդեն, լուրջ քայլեր արել են: Նա նշեց՝ շատ էին մեղադրում, հետաքրքրվում, թե ինչ հսկողություն է արվում, որ Հայաստանում գրանցված օդանավերը թռնում են, օրինակ, Սոմալի: «Մենք այսօր չունենք որևէ չվերթ Աֆրիկա»,- վստահեցրեց Ռևազյանը: