«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը
– Պարո՛ն Ներսիսյան, գործադիրն օրերս հավանության արժանացրեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը: Այս փոփոխությունը որքանո՞վ է նպաստելու ավելի մարտունակ բանակ ունենալուն:
– Օրենքն իրենով կարող է ուղիղ ազդեցություն չունենալ, այստեղ ավելի կարևոր է, թե ծառայության որակը ոնց է լինելու, և ոնց է ավելանալու պայմանագրային զինծառայողների թիվը, լավանալու որակը, որը շատ կարևոր է նշել:
Այս օրենքն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե իսկապես կան որոշում ու հնարավորություն պայմանագրային զինծառայողների թիվը լուրջ ավելացնելու, ամենաքիչը բանակի կեսը լինեն պայմանագրային զինծառայողներ: Այդ դեպքում այս մոտեցումը դեպի պրոֆեսիոնալ բանակի անցման փուլ կարելի է հասկանալ, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ պրոֆեսիոնալ բանակ՝ առանց զորակոչի մինչև 2030-ը բավականին դժվար կլինի անել, այսինքն՝ դրա համար երկար ժամանակ է անհրաժեշտ:
Այս օրենքի հետ կապված կան որոշ մորալ դիլեմաներ ու քննարկումներ, որովհետև նախկինում էլ շատ մարդիկ, որոնք գումար ու հնարավորություններ ունեին, տարբեր ձևերով կարողանում էին խուսափել բանակում ծառայելուց, բայց հիմա ստացվում է, որ դա դառնում է պաշտոնական մոտեցում: Մի կողմից ստացվում է, որ կոռուպցիայի իմաստը կորչում է, կարելի է վճարել այդ գումարը պետբյուջե, մյուս կողմից՝ պաշտոնապես պետությունն ասում է, որ հարուստը կարող է բանակ չգնալ, իսկ ավելի աղքատը պետք է գնա:
Այստեղ այդ էֆեկտը փափկացնելու համար շատ կարևոր կլինի, որ այդ հարուստներից հավաքած գումարները տրանսպարենտ ծախսվեն այնպիսի ծրագրերի վրա, որոնք թույլ կտան ամենաաղքատ ընտանիքների զինծառայողներին կյանքում ադապտացվել ու իրենց կարգավիճակը փոխել, նկատի ունեմ, որ իրենց ծառայության ժամանակ իրենք ինչ-որ սկիլսեթ (աշխատանքի համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ հմտությունների հավաքածու – խմբ.) ստանան, որը հետագա կյանքում հնարավոր կլինի բարձրացնել:
– Նախագծի հիմնավորումներից է այն, որ այսկերպ փորձում են բանակում ծառայող անձանց թիվն ավելացնել, օգնելո՞ւ է այս փոփոխությունը այդ հարցում:
– Այս հարցին պատասխանելն անհնարին է, որովհետև դեռ մենք չգիտենք, թե 18 ու 19 տարեկաններից քանի տոկոսն է գերադասելու այդ գումարը վճարել ու չգնալ ծառայության: Մինչև այս օրենքը չգործի, ու չհասկացվի, թե որքան հետաքրքրություն կա սրա վերաբերյալ, մենք չենք իմանա:
– Պարո՛ն Ներսիսյան, այն խնդիրները, որոնք կան բանակում, ու որոնց պատճառով էլ շատերը խուսափում են ծառայելուց, այս փոփոխությունը ի զորու կլինի՞ լուծելու այդ խնդիրները:
– Մարդկանց հետաքրքրությունը կփոխվի, եթե բանակում ծառայության որակը բարձրանա, ու եթե ստացվի ծառայության ժամկետը դարձնել մեկ տարի, եթե մենք պայմանագրայիններ շատ ունենանք: Այս օրենքը միայն մեկ էֆեկտ կարող է ունենալ, որ կոռուպցիան զինկոմիսարիատներում կնվազի, որովհետև դա արդեն օրինական ձևով է արվելու:
– Հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած անվտանգային խնդիրները, որքանո՞վ է պատեհ նման նախագիծ ներկայացնելը:
– Դժվար հարց է, այն իմաստով, որովհետև եթե մենք այս փուլի մասին ենք խոսում, ապա այնտեղ փոխելու և լուծելու ավելի կարևոր հարցեր կան, որոնց մի մասն արվում է, մի մասը՝ ոչ: Այս ամենի մասով կարող ենք պատասխաններ տալ, եթե մեկ-երկու զորակոչ անցնի, որից հետո, ելնելով արդեն առկա փաստերից, հնարավոր կլինի հստակ պատասխան ու գնահատականներ տալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















