Վարկի մարում, նվիրատվություն, արտագնա հանգիստ․ ինչի վրա և ինչքան են ծախսում պատգամավորները. Fip.am

2022-ի հունվարի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձանց համար պարտադիր է դարձել ծախսերի մասին տվյալների հայտարարագրումը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն դրամը։ Կան պատգամավորներ, որոնք հայտարարագրել են նաև վերը նշված գումարը չգերազանցող որոշ ծախսեր։

FIP.am-ն ուսումնասիրել է Ազգային ժողովի պատգամավորների 2021-ի տարեկան հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ ծախսեր են արել պատգամավորները։

ԱԺ մի շարք պատգամավորներ 2021-ի տարեկան հայտարարագիր դեռևս չեն ներկայացրել, ուստի նրանց ծախսերը հնարավոր չի եղել ուսումնասիրել։ 2021-ի տարեկան հայտարարագիր չներկայացրած պատգամավորներն են Արամ Վարդևանյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը։

2021-ի տարեկան հայտարարագիր է ներկայացրել ԱԺ 103 պատգամավոր, որոնցից 22-ը 2 միլիոնը գերազանցող ծախսեր են հայտարարագրել։

Ամենաշատ ծախսերն ունեցել են «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը և «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը և Հռիփսիմե Ստամբուլյանը։

Խաչատուր Սուքիասյանը ծախսել է ընդհանուր 142 միլիոն 600 հազար դրամ և 20 հազար դոլար, Գուրգեն Արսենյանը՝ 25 միլիոն AMD և $73 հազար, իսկ Վահե Հակոբյանը` 37,6 միլիոն AMD և €11,38 հազար, Հռիփսիմե Ստամբուլյանը՝ 77․4 միլիոն AMD։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից 2 միլիոն դրամը գերազանցող ծախսերի հայտարարագիր է ներկայացրել 13 պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ 7, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից՝ 2։ Ըստ այդմ, ներկայացված են հիմնականում հանգստի, վարկի մարման, անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության համար արված ծախսերը։

Հանգստի համար ամենամեծ գումարը ծախսել են «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանը (32,5 միլիոն AMD), «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Խաչատուր Սուքիասյանը (10 մլն AMD և $20 հազար) և Գուրգեն Արսենյանը ($25 հազար)։

Ավելին՝ Fip.am-ում: