«Ավելի շուտ սա պայքար է խորհրդարանական ընդդիմության միջև ու նաև առանձին-առանձին հենց այդ դաշինքների ներսում». Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

Պարո՛ն Բադալյան, ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս կբնութագրեք, ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանի քաղաքական կյանքում:

– Ֆորմալ իմաստով՝ պայքար Արցախի կարգավիճակի հարցում իշխանության մոտեցման դեմ, սակայն գործնականում, թերևս, ավելի շուտ պայքար ընդդիմության դաշտում՝ տեղի ու հեռանկարների համար: Նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմության տարբեր բևեռների՝ թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքների միջև ու նաև առանձին-առանձին հենց այդ դաշինքների ներսում, որովհետև դրանք ևս միատարր քաղաքական միավորներ չեն:

Այդ ամենի առիթը Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն էր, ու չեմ բացառում, որ ելույթն ուներ ոչ միայն հասարակությանը միջազգային հանրության՝ արցախյան խնդրում առկա իրավիճակի վերաբերյալ մթնոլորտի մասին իրազեկելու նպատակ, այլ նաև ընդդիմության ներսում որոշակի տրամադրություններ և գործընթացներ խթանելու նպատակ՝ այդկերպ մի կողմից ապահովելու Հայաստանի համար արտաքին քաղաքական այս բարդ միջավայրում մանևրի հնարավորություն, մյուս կողմից էլ՝ խթանելու ընդդիմության ներսում առկա հակասական ու մրցակցային տրամադրությունները, որ անշուշտ առկա են ամենևին ոչ վերջին շրջանում:

 – Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը հիմա ակտիվացավ, որովհետև, մեծ հաշվով, իրավիճակի այնպիսի փոփոխություն չի եղել, որը կստիպեր նրանց դուրս գալ փողոց: Ինչո՞ւ այս նույն ակտիվությունը, գործողությունները չսկսեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, ինչո՞ւ հիմա:

– Դարձյալ ֆորմալ առիթը Նիկոլ Փաշինյանի ելույթն է, որն այս օրերին տեղի ունեցավ, այսինքն՝ հիմա է, որ Փաշինյանը կարգավիճակի հարցում միջազգային դիրքորոշումների վերաբերյալ հայտնի հայտարարություններն արեց:

Բացի դրանից, անկասկած է նաև, որ, մեծ հաշվով, այժմ Կովկասում ընթանում է քաղաքական գործընթացների ավելի մեծ, հիմնարար ստատուս քվոյին առնչվող քաղաքական գործընթացների մեկնարկային-դիրքային պայքար, որին մասնակից են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, այսինքն՝ վերջիններիս պայքարը արցախյան հարցում, հայ-ադրբեջանական խաղաղության հարցում պայմանների, դիրքերի պայքարն է:

Այս իրավիճակը ևս խթան էր ընդդիմության համար այսպիսի ակտիվության, քանի որ սա, բացի ներքին իրողություններից, որ պայմանավորված է նաև արցախյան հարցով, ու որոնց համար արցախյան հարցը միշտ եղել է առիթ այդպիսի խմորումների համար: Կա նաև ավելի լայն իմաստով միջազգային իրադրության, Կովկասի վրա այդ իրադրության ազդեցության հարց, ու սա անշուշտ իր ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի քաղաքական հեռանկարների վրա:

Ընդդիմությունն այդ իմաստով էլ, այսպես ասած, ունի արևի տակ իր տեղի համար պայքարելու մոտիվներ, թե, ինչպես նշեցի, միմյանց միջև պայքարելու՝ ո՞վ է լինելու առաջնորդն ընդդիմադիր դաշտում, ո՞վ է կառավարելու նախկին համակարգի ռեսուրսները՝ քաղաքական կապիտալիզացիայի մասով և այլն, և, ընդհանրապես, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում չառաջանան նոր ընդդիմություն, նոր ուժեր, ու իրենց տեղը կասկածի տակ չհայտնվի, ու իրենք խաղից դուրս չմնան:

– Ընդդիմադիրների պայքարի մեթոդներն ինչպե՞ս եք գնահատում, այս մեթոդներով հաջողության հասնելու շանսեր ունե՞ն, պարո՛ն Բադալյան:

– Այս մեթոդները լավագույն դեպքում կարող են առաջացնել այնպիսի ճգնաժամային, քաոսային իրավիճակ, որը իշխանությանը մղի որոշակի կոմպրոմիսների, թե որ հարցերում կլինեն դրանք՝ դժվար է ասել, բայց իշխանության բերել ընդդիմությանը՝ չեմ կարծում, առաջին հերթին այն պատճառով, որ այս ընդդիմությունը չունի իշխանության գալու համար անհրաժեշտ հանրային ռեսուրս, ու հակառակը՝ քաղաքական ներկայիս մեծամասնությունն ունի իշխանության մնալու համար նվազագույն հանրային ռեսուրս:

Այս ամենից զատ, ամենևին չպետք է բացառել նաև արտաքին ռազմաքաղաքական իրողություններով պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակների ազդեցությունը, բայց սա արդեն ընդդիմության գործողություններից ու ազդեցության տիրույթից դուրս իրավիճակ է:

– Ընդդիմությունը վստահորեն ասում է, որ գործող իշխանությանը հեռացնելուն հաշված օրեր են մնացել, եթե, ինչպես ասում եք, իրենք իշխանափոխության հասնելու շանսեր չունեն, ապա, ըստ ձեզ, ներքաղաղական այս լարված իրավիճակը մինչև ե՞րբ է շարունակվելու:

– Ես խիստ կասկածում եմ, որ իրավիճակը կարող է կայունանալ անգամ, եթե դիտարկենք, որ իշխանությանը հաջողվում է հեռացնել, անգամ այդ դեպքում իրավիճակի երկարատև կայունությունը խիստ կասկածելի է, որովհետև Հայաստանում այսօր իշխանափոխությունը չունի հանրային բավարար աջակցություն:

Հայաստանում չկա ձևավորված այնպիսի ստատուս քվո, որը թույլ կտա իրականացնել լեգիտիմ իշխանափոխություն, իսկ դա նշանակում է, որ ցանկացած իշխանափոխություն լինելու է ոչ լեգիտիմ, որն էլ լինելու է իրավիճակի անընդհատ ապակայունացման աղբյուր:

Այդ ամենից բացի կա նաև այլ խնդիր՝ համաշխարհային տուրբուլենտությունը, ձևավորվում է նոր աշխարհակարգ, այսպես ասած, աշխարհի ուժեղները միմյանց միջև վերաբաժանում են համաշխարհային ազդեցությունը, և Կովկասը այդ բաժանմանը ենթակա առանցքային տարածաշրջաններից մեկն է, և այդ ամենը բոլոր զգայուն տարածաշրջաններում գտնվող պետությունների համար առաջացնում է քաղաքական տուրբուլենտության ռիսկեր:

Ըստ այդմ՝ կայունության աստիճանն արդեն կախված է, թե պետության շահի ինչ աստիճանի գիտակցում կարող են ունենալ քաղաքական կյանքի դերակատարները, որպեսզի իրենց քաղաքական նպատակներին հասնելը չիրականացնեն պետությունը քաոսի մատնելու գնով:

– Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական կներկայացնի՞:

– Որևէ իշխանություն հրաժարական տալիս է, եթե տեսնում է դրա հանրային անկասելի պահանջ ու եթե տեսնում է, որ այլևս հնարավոր չէ այդ իշխանությունն իրացնել լեգիտիմ որևէ հողի բացակայության պայմաններում:

Այս տեսանկյունից, ինչպես նշեցի, Հայաստանում չկա լեգիտիմ իշխանափոխության մեխանիզմ, ու նաև չկա իշխանափոխության հանրային այնպիսի պահանջ, որը կարտահայտի հասարակության մեծամասնության մոտեցումները:

Խնդիրն ունի նաև մեկ այլ նուրբ կողմ. Հայաստանի հասարակության գուցե մեծ մասն իսկապես ակնկալում է ավելի արդյունավետ իշխանություն, գուցե դեմ չլինի իշխանության փոփոխությանը, բայց այն պարագայում քայլ կանի այդ ուղղությամբ, երբ կտեսնի քաղաքական ուժ, որին կհամարի առավել հեռանկարային ու վստահելի:

Երբ այդ ուժի դերում հանդես է գալիս նախկին իշխանությունը, բնականաբար, հանրության մոտ որևէ վստահություն չի առաջացնում, ու ակտիվ թե պասիվ աջակցություն է ձևավորում այս իշխանության շուրջ:

– Պարո՛ն Բադալյան, ասացիք, որ ընդդիմության ներսում էլ պայքար կա, ի՞նչ եք կարծում՝ այդ պայքարում ո՞ր քաղաքական ուժը կհաղթի:

– Շատ դժվար է ասել. ընդդիմության ներսում ուժերի հարաբերակցությանը բավարար չափով չեմ տիրապետում, որպեսզի գնահատեմ, թե ում շանսերն են ավելի մեծ այդ առումով:

– Եթե ընդդիմությունն իր բողոքն արտահայտեր այլ գործիքակազմերով, ոչ թե, ինչպես որոշ վերլուծաբաններ են նշում՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի մեխանիզմները կիրառեր, ապա հանրային աջակցության տեսանկյունից այլ պատկե՞ր կունենար:

– Եթե ներկայիս ընդդիմությունը, որը խորհրդարանում է ու դուրս է եկել փողոց, իր քաղաքականությունը կառուցեր նախ՝ իր կառավարման ավելի քան երկու տասնամյակի հետ կապված հարցերի շուրջ հասարակության հետ անկեղծ խոսակցությամբ, ապա գուցե ունենար քաղաքական էական հեռանկարի հնարավորություն: Բայց քանի որ այդ անկեղծ խոսակցությունը չի եղել, քաղաքական իմաստով ապաշխարումը չի եղել, հանրայնորեն այդ գիտակցումը չի եղել, ապա հասարակության լայն շերտերի հետ արդյունավետ երկխոսության հնարավորություն ես չեմ տեսնում, առավելևս, երբ տեսնում ենք, թե այդ ընդդիմությունն ինչպես է արտահայտվում հանրության այն շերտերի վերաբերյալ, որոնք չեն միանում իրենց:

– Եթե ամփոփելու լինենք, համենայնդեպս, այս փուլում, դուք ընդդիմության՝ հաջողության, այն է՝ իշխանափոխություն հասնելու հնարավորություն չե՞ք տեսնում:

–  Չեմ տեսնում ներքաղաքական ստատուս քվոյի էական փոփոխության, այսինքն՝ իշխանության փոփոխության հնարավորություն: Քաղաքական ուժերը բնականաբար որոշակի խնդիրներ կլուծեն, բայց եթե խնդիրը դրված է իշխանափոխություն, ապա ես այդ ուժերի համար չեմ տեսնում դրան հասնելու նախադրյալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am