Վարդենիսցի պատանի քամանչահար Սամվել Զաքոյանը հաղթող է ճանաչվել մոսկովյան միջազգային փառատոնում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ,Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի «Քամանչա» ազգային լարային գործիքների բաժնի շրջանավարտ Սամվել Զաքոյանը վերջերս, որպես անհատ կատարող,  Հայաստանի պատվիրակության հետ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում  մասնակցել է միջազգային  «Art Panorama»  և «Rising Star-Ծագող աստղ» փառատոններին և   աշխարհի 7 երկրների 1200 մասնակիցների մեջ գրավել է առաջին  պատվավոր հորիզոնականը, իսկ Կոնստանտին Օրբելյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի ժամանակ  արժանացել է  «Գրան Պրի» մրցանակի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝ 2023 թվականին Սամվել Զաքոյանը  մասնակցել  է նաև «Նոր ութերորդ հնչյուն» միջազգային մրցույթ փառատոնին, որն իր շուրջն էր համախմբել  աշխարհի մի շարք երկրների պատվիրակությունների։ Այս փառատոնին նա  արժանացել է  «Տարվա նոր ութերորդ հնչյուն-2023»  տիտղոսին։

«Երիտասարդ քամանչահարը 2018 թվականին մասնակցել է  «Art Music» միջազգային,  «Նոր ութերորդ հնչյուն» հանրապետական,   2019 թվականին՝  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոններին և գրավել առաջին հորիզոնականը։   2020 թվականին  Սամվելն  առաջին մրցանակին է արժանացել  «Նաիրյան երկիր» հանրապետական մրցույթ-փառատոնի ընթացքում, իսկ   «Global Art fest» հանրապետական մրցույթ փառատոնին, որը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին, դարձյալ գրավել  է առաջին   հորիզոնականը և արժանացել Առնո Բաբաջանյանի անվան հատուկ մրցանակի։ Նույն թվականին, մասնակցելով  «Global Art fest»-ի շրջանակներում  անցկացված «Forte» մրցանակաբաշխությանը՝ արժանացել է պատվոգրերի, մեդալի և մրցանակների։

Մասնակցել է նաև «Արտ Պրոգրես» հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել  «Գրան Պրի» գլխավոր մրցանակի։ 2021 թվականին   հանդես  է  եկել  «Ծագող աստղ» հանրապետական մրցույթ-փառատոնին և գրավել  առաջին պատվավոր հորիզոնականը։ Նույն թվականի  նոյեմբեր ամսին  Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի  նվագախմբի հետ միասին նա մեկնել է  Ֆրանսիա, ելույթներ ունեցել Լիոնում և Ռոմանում, հյուրախաղերով եղել է նաև Վրաստանում։ 2021 թվականին Բելառուսի հանրապետությունում  երաժիշտը  մասնակցել է  «Радуга над Витебском»-միջազգային մրցույթ-փառատոնին,  գրավել առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։ 2022 թվականին Վլադիմիր Սպիվակովի Հիմնադրամի Հայաստանյան նախագահի` Վարդուհի Գևորգյանի ուղեկցությամբ  Սամվելը ելույթ է  ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան մեծ դահլիճում։ Սամվել Զաքոյանն   այժմ սովորում է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում, որտեղ  ձեռք է բերում համակարգչային գիտելիքներ։ Այժմ նա  նպատակ ունի ուսումը շարունակել Երևանի  պետական Կոնսերվատորիայում։ Մենք նրա հետ չափազանց մեծ հույսեր ենք կապում»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։