Դպրոցական սննդի միջազգային օրը կնշվի նաև Հայաստանում

2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը:
Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։ 

Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում ևս կկազմակերպվի միջոցառում, որը համախմբելու է տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառման կազմակերպիչներն են  Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI): Նախատեսվում է բեմադրվող ինտերակտիվ ներկայացում, որի ընթացքում երեխաների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն ֆլեշմոբեր և խաղեր՝ օգնելու ծանոթանալ առողջ, սննդարար կերակուրների կարևորությանը և անառողջ սննդի վնասակար հետևանքներին:

ՊՀԾ-ն և գործընկերները  կազմակերպում են նաև առցանց քվեստ, որին մասնակցել կարող են տարրական դպրոցում սովորող բոլոր աշակերտները՝ անկախ բնակավայրից,  և նրանց ծնողները։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ։ 

Քվեստի հղումը՝ https://clck.ru/bkzhi: