«Թուրքերը մեր ատամներն ուղղակի հաշվել են». ըստ վերլուծաբանների` Թուրքիան ամեն ինչ անելու է ճնշումներն ու շրջափակումը մեծացնելու համար

«Թուրքերը մեր ատամներն ուղղակի հաշվել են». ըստ վերլուծաբանների` Թուրքիան ամեն ինչ անելու է ճնշումներն ու շրջափակումը մեծացնելու համար
«Թուրքերը մեր ատամներն ուղղակի հաշվել են». ըստ վերլուծաբանների` Թուրքիան ամեն ինչ անելու է ճնշումներն ու շրջափակումը մեծացնելու համար

Հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանում կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեցին Երևան-Վան չվերթը չեղյալ հայտարարվելուց հետո` ըստ փորձագետների դրանով իսկ մեկ անգամ ևս ցույց տալով Թուրքիայի «պատրաստակամությունը» հարաբերությունների բարելավման գործում:
«Սկզբում քաղաքական որևիցե դրդապատճառ չէի տեսնում` Երևան-Վան չվերթը զուտ կոմերցիոն դիտարկելով, սակայն Թուրքիայի կառավարությունն այն քաղաքականացրեց,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը,- և սա խոսում է այն մասին, որ Թուրքիան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ավելին` ամեն ինչ անում է Հայաստանի շրջափակումը հնարավորինս ուժեղացնելու համար: Չափազանց զգուշությամբ պետք է վերաբերվել Թուրքիայի կողմից արվող քայլերին»:

Երևան-Վան առաջին չվերթը, ըստ նախատեսվածի, պետք է կայանար ապրիլի 3-ին: Տոմսերի արժեքը` 200 դոլար, թռիչքի տևողությունը մոտ 40 րոպե, շաբաթական երկու անգամ, պետք է իրականացվեին հայկական «Նարեկավանք Տուր» և թուրքական «Բորաջեթ» ընկերությունները` Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Նպատակը` Արևմտյան Հայաստանը հայ զբոսաշրջիկների համար ավելի մատչելի և հասանելի դարձնելն էր, սակայն մարտի 28-ին թուրքական կողմը անորոշ ժամկետով հետաձգել է ուղիղ չվերթերի իրականացումը:

Քաղաքականության ու իր հիասթափության մասին խոսել է նաև կազմակերպիչ կողմը:

Ըստ «Նարեկավանք Տուրի» մարտի 29-ին տարածած հաղորդագրության` չվերթի կազմակերպիչները խանդավառ էին այն փաստով, որ նախաձեռնությունը չի արգելափակվի ո´չ Հայաստանի, ո´չ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից, սակայն հույսերը չարդարացան:

«Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին,- նշված էր հաղորդագրության մեջ: – Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»:

«Նարեկավանք Տուրի» համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ դեռևս չվերթը բացելու հույսեր կան: Նա նշում է, որ հատկապես վերջին տարիներին հետաքրքրությունը Արևմտյան Հայաստանի` որպես զբոսաշրջության ուղղության նկատմամբ շատ մեծացել է:

«Հուսով ենք` շուտով չվերթեր կունենանք»,- ասում է Հովհաննիսյանը:

Սակայն, ի տարբերություն չվերթի կազմակերպիչների, որոնց գլխավոր նպատակը, ինչպես նշել են, «երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդումն ու գործարար, տնտեսական համագործակցությունն էր», «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արևելագետ Արա Պապյանն ասում է, որ ի սկզբանե չվերթից առանձնապես մեծ սպասումներ չի ունեցել:

«Թուրքերը մեր ատամներն ուղղակի հաշվել են, և այս դեպքում ևս, ինչպես շատ դեպքերում, սկսեցին մի գործընթաց, որը կիսատ թողեցին: Սակայն սկսեցին, որ աշխարհին ցույց տան, հայտարարեն, թե ամեն ինչ անում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար, բայց այդ ամենը զուտ հայտարարության մակարդակին էլի մնաց»,- «Մեդիալաբին» ասում է Պապյանը:

Վերլուծաբանները վստահ են, որ թռիչքի կասեցումը պայմանավորված էր մի շարք գործոններով` Ադրբեջանի կողմից ճնշումները, հայ-թուրքական տխրահռչակ կրկին կիսատ մնացած արձանագրությունները և Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, որին ընդառաջ Թուրքիան փորձելու է սեղմել ճնշումների շրջանակը:

Չվերթը քաղաքական առումով միայն երկու երկրների միջև չէ, որ կրքեր է բորբոքել: Երևան-Վան չվերթի գաղափարը ակնհայտորեն դուր չէր եկել Ադրբեջանի իշխանություններին, որին ապրիլի 1-ին արձագանքել էր նաև պաշտոնական Բաքուն` քննադատելով նախաձեռնությունը:

«Երբ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնում է այնպիսի մի երկիր, որի հետ մենք բարեկամական կապեր ունենք, և որի ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին, ապա մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում դրան»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը:

Հասանովը մտահոգություն էր հայտնել, որ «դրանով Անկարան աջակցում ու ուժեղացնում է մի երկրի, որը շարունակում է օկուպացնել ադրբեջանական տարածքները»:

«Չվերթն ըստ ամենայնի չկայացավ հիմնականում Ադրբեջանի միջամտությամբ և Թուրքիայի կողմից տեղի տալու պատճառով: Սա նշանակում է, որ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելով` Թուրքիան հարկ եղած դեպքում Ադրբեջանից կպոկի այն, ինչ ուզում է, քանի որ ձրի տեղը ոչ մի բան չի լինում»,- ասում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` հավելելով, որ թուրքական կողմի նման վերաբերմունքը միայն կխորացնի հայ հասարակության մեջ բացասական վերաբերմունքը:

Պապյանը վկայակոչում է նաև հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները, որոնք ստորագրվեցին Ցյուրիխում 2009-ի հոկտեմբերին 10-ին, սակայն այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների խորհրդարաններում, Թուրքիային հավելյալ մանևրելու հնարավորություն տվեցին:

«Երբ մենք ստորագրեցինք հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները, Թուրքիան հասկացավ, որ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է` նախապայմաններ թելադրել, հայտարարել հարաբերությունների բարելավման մասին ու կասեցնել, և այս դեպքում հարաբերությունների բարելավման մասին խոսելն ուղղակի անլուրջ է: Կիսահղի չեն լինում»,- ասում է Պապյանը:

Նա նշում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի քայլերն աստիճանաբար  ավելի ճնշող են դառնալու:

«Սա դեռ սկիզբն է: Աշխարհում տարբեր միջոցներով դրական իմիջ ստեղծելով` թուրքերը պետք է  ամեն ինչ անեն ճնշումներն ու շրջափակումը մեծացնելու համար: Պետք է պատրաստ լինենք ամեն քայլի»,- համոզված է նա:

© Medialab.am