Մաճկալաշենի թռչնաֆաբրիկայի շինարարության ընթացքում պետությունից խոշոր չափով գումար է հափշտակվել.Արցախի դատախազություն

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի դատախազությունը, Արցախի գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022 թ. Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52 500 000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Դատախազությունից հայտնում են՝ քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում՝ Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում:

«Հաշվի առնելով քրեական գործով քննության առարկայի շուրջ պարբերաբար ծավալվող հանրային քննարկումները և դրանց ընթացքում հնչող հայտարարությունները, հարկ ենք համարում շեշտել, որ հիշյալ գործով քննության է առնվում նաև Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում կառուցված թռչնաֆաբրիկայի շինարարության ընթացքում հնարավոր հափշտակություն կատարելու դեպքը:

Քննիչի կողմից գործով նշանակվել են փորձաքննություններ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ Արցախում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխանությունը որոշելու և շինարարական աշխատանքներում ՆՆՓ-ով սահմանված որակական ու քանակական պայմանների պահպանվածությունը պարզելու համար:

Փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր դեպքերին տրվելու են իրավական գնահատականներ»,- հայտնում են Արցախի դատախազությունից: