«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը
– Պարո՛ն Բաբայան, Հայաստանում երեկ Քաղաքացու օրն է: Ո՞րն է այդ օրվա խորհուրդը:
– Ինձ համար կարևորը բովանդակությունն է, ոչ թե ձևը: Ես շատ կուզեի, որ Քաղաքացու օր ասվածը մենք նշենք ամեն օր՝ քաղաքացու հանդեպ համապատասխան հարգանք ու վերաբերմունք ունենալով ու ինքներս մեզ քաղաքացի զգալով:
Քաղաքացին որևէ կուսակցական պատկանելություն չունի, քաղաքացին գաղափարախոսությունների միջև տարբերություն չի տեսնում, քաղաքացին իր երկրի տերն է: Քաղաքացին նաև նա է, ով իր շրջապատին, հարևաններին, համաքաղաքացիներին, բոլորին վերաբերվում է հարգանքով՝ հասկանալով, որ քաղաքացին չի կարող մենակ լինել, ու երկիրը մի հոգով չի կառուցվում:
Միայն այդ պարագայում, երբ մենք մեզ գիտակցում ենք որպես քաղաքացի ու այս երկրի համար պատասխանատու, կարծում եմ՝ լիովին ձևակերպում ենք քաղաքացի հասկացությունը:
Պե՞տք է դրա համար հատուկ տոն, թե՞ պետք չէ. Մեզանում ընդհանրապես ընդունված է, ու ոչ միայն մեզանում, որ այդ տոները դարձվեն մեկ օրվա հիշողություն, իսկ հետո մոռանալ, իսկ ես կգերադասեի, որ այդ զգացողությունը, որ մենք քաղաքացի ենք ու մեզ շրջապատում են այս երկրի քաղաքացիները և որոշակի պատասխանատվություն են կրում երկրի համար, մենք ապրեինք կլոր տարին:
– Իսկ ձեր նշած այդ որակները կրող քաղաքացիներ այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի՞, թե՞ ոչ:
– Որոշակի մասը երևի կրողն է այդ որակների, բայց դա ո՛չ հայտարարությամբ, ո՛չ օրենք ընդունելով է արվում, դա և՛ դաստիարակության, և՛ կրթության, և՛ մշակույթի հարց է, վերջիվերջո, քաղաքացի դաստիարակելը ինչ-որ մի օղակի առանձին գործողություն չէ, բոլորը պետք է իրենց դերակատարումն ունենան:
Քաղաքացի լինելը նաև մանրուքներում է երևում. սեփական տունը, նկատի ունեմ՝ փողոցը, բակը, քաղաքը, երկիրը, չաղտոտելը, որովհետև երբ ամպագոռգոռ խոսում են հայրենասիրության մասին, բայց թքում են փողոցում, հայհոյում, ծխախոտի մնացորդ ու աղբ են նետում փողոց…
Քաղաքացի լինելն ավելի շատ լուռ գործունեության արդյունք է, և գործն ավելի լավ է ցույց տալիս՝ ով է քաղաքացի, իսկ ով՝ ոչ: Քաղաքացի լինելը նաև մասնագիտությանը լավ տիրապետելն է, որովհետև եթե դու այս երկրի քաղաքացին ես ու ինչ-որ օգուտ ես ուզում բերել երկրին, պետք է լավ տիրապետես քո մասնագիտությանը:
– Ձեր կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր սխալները գիտակցո՞ղ անհատ է, օրինակ՝ երկրի վարչապետն երեկվա ուղերձում հետևյալ միտքն է արտահայտել, որ «…մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի…» :
– Չէ՛, ես այդպես չեմ կարծում: Ճակատագիրը մեր ձեռքում է, ու, կարծում եմ, յուրաքանչյուրս պատասխանատու ենք այն ճակատագրի համար, որն ունենք, թե չէ այդ տարածված միտքը՝ հայի բախտ, մեզ միայն խանգարում է:
Որքան էլ դաժան լինի մեր պատմությունը, ես կարծում եմ՝ այն կարելի է ուղղել դեպի լավը միայն այն ժամանակ, երբ զգում ես այդտեղ քո մեղավորության բաժինը, և սա վերաբերում է բոլորին, որովհետև մենք սովորություն ունենք ուրիշներից փոփոխություն պահանջելու՝ ինքներս բացարձակապես չփոխվելով, դրա համար էլ ոչինչ չի փոխվում, որովհետև իրական փոփոխությունը մեր մեջ է, մինչև մենք ներսից չփոխվենք՝ գիտակցելով անցյալում կատարած սխալները, որևէ բան չի փոխվի:
Նման մոտեցում, որ դաժան ճակատագիրը բերված է դրսից ու մեզ պարտադրված է, ինձ համար բացարձակապես ընդունելի չէ: Ես այն թեզի կողմնակիցն եմ, որ մարդն ինքն է կառուցում իր ճակատագիրը ու եթե դժբախտ է, մեղավորության մեծ բաժինն իրենն է:
– Իսկ «դաժան ճակատագրին, հայի բախտին» հղում կատարող ժողովուրդն ի՞նչ հանգրվանի կարող է հասնել, պարո՛ն Բաբայան:
– Միայն փակուղու: Մինչև հիմա էլ Թումանյանի «Անխելք մարդը» խաղում ենք, բայց երկար տարիներ այդ ներկայացումը խաղում էինք «Հայի բախտ» անունով, որովհետև հայի բախտն իր խելքից է գալիս: Այդպես չի կարելի, մենք ծնվել ենք ազատ ու մենք ենք ընտրում մեր ճանապարհը ու եթե սխալ ենք ընտրում ճանապարհը, իրավունք չունենք բախտից ու ճակատագրից բողոքելու, մենք իրավունք ունենք բողոքելու միայն ինքներս մեզնից:
– Քանի որ գործող իշխանության որոշմամբ է Հայաստանում նշվում Քաղաքացու օրը, կխնդրեմ ասեք, թե հեղափոխական իշխանությունը 2018-ից ի վեր ի՞նչ քայլեր ձեռնարկեց, որպեսզի մենք ունենանք այն որակները կրող քաղաքացին, որի մասին ասացիք ձեր խոսքի սկզբում:
– Դժվարանում եմ ասել, որովհետև, կարծում եմ՝ նման խնդիր իրականում չի դրվել, իսկ եթե դրվել է՝ ապա կոնկրետ մեխանիզմներ չեն մշակվել, ինչպե՞ս դա անել, որովհետև երբ ասում ենք քաղաքացի, երևի թե պետք է նկատի ունենանք ինքնուրույն մտածող, երկրի հանդեպ պատասխանատվություն կրող մարդ, մարդ, որն իրեն այս երկրի ամեն մի քառակուսի մետրի համար տեր է զգում:
Բայց այս ամենին հասնելու համար որոշակի ճանապարհ անցնել է պահանջվում, չեմ կարծում, թե տոն հռչակելով՝ կարելի է դրան հասնել: Սա դաստիարակության, կրթության հարց է, իսկ մեր կրթությունն ուղղված չէր դրան, ուղղված չէր անհատին ձևավորելուն:
Այն ավելի շատ ուղղված էր որոշակի եզրույթներ անգիր անելուն, ուղղված չէր վերլուծության, իսկ քաղաքացին մտածող, սեփական կարծիքն ունեցող մարդն է, որը ձևավորվում է վերլուծության, գիտելիքների վրա: Բացի այս, մենք պետք է հստակեցնենք՝ ի՞նչ արժեհամակարգային քաղաքացի ենք ուզում տեսնել, ի՞նչ քաղաքակրթական դաշտում ենք ուզում տեսնել մեր երկիրը: Սրանք շատ կարևոր են, որոնց պատասխանները պետք է տրվեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am