Պետական պաշտոնյաները ևս պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքը. նախարար

Չպատվաստված և հակացուցում չունեցող անձանց համար աշխատանքի ներկայանալիս հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը վերաբերում է բոլորին՝ այդ թվում պետական պաշտոնյաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում շեշտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օգտատերերի բարձրացրած հարցերին:

Ամենից շատ հնչեցված հարցերին մեկն է եղել, թե արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի՞ վրա հավասար՝ այդ թվում պաշտոնյաների: Նախարարը դրական պատասխան է տվել՝ շեշտելով, որ այդ կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։

«Բոլորը, այդ թվում պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները»,-նշել է Ավանեսյանը:

Հաջորդ ամենաշատ բարձրացված հարցերից մեկն էլ եղել է այն, թե ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում: Նախարարը ընդգծել է, որ որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել: «Չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները։

Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,-հայտնել է Ավանեսյանը:

Չպատվաստված և հակացուցում չունեցող անձինք հոկտեմբերի 1-ից ամիսը 2 անգամ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն:Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ եթե չհետևեն այս կարգին, հետևանքը կլինի աշխատանքի չներկայանալը: Հաջորդիվ, տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը: