«Քաղաքացիական բախումները ձեռնտու են «Հայաստան» դաշինքին, քանի որ դա փրկօղակ է իշխանազավթում իրականացնելու համար». սահմանադրագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» պատգամավորի թեկնածու Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, նախընտրական քարոզարշավի ավարտին մնաց մեկ օր, իրավական առումով, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ողջ ընթացքը:

– Պետության կողմից ստեղծվել էին բոլոր պայմանները մասնակցող քաղաքական ուժերի հավասար մրցակցություն ապահովելու համար, մեդիա դաշտն աննախադեպ ազատ է:

Կարող ենք ասել, որ 2018 թվականի հեղափոխական իրադարձություններից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների սահմանած բարձր նշաձողը պահպանվում է՝ պետության մասով: Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց հիմնական հանձնառությունը հասարակության հանդեպ կատարում են՝ ժողովրդավարական գործընթացները Հայաստանում առաջ են ընթանում:

Այն մասով, որ գործող իշխանությունը պատասխանատու է ընտրությունների բնականոն ընթացքի համար, ամեն ինչ առ այսօր կարգին է:

Մտահոգիչ է դատական իշխանության պահվածքը՝ հատկապես «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը անվավեր ճանաչելու ԿՀԸ-ի որոշումը վերացնելու մասով և որոշ այլ դրվագներով, զգացվում է, որ դատական իշխանությունը շարունակում է որոշակի արհեստական հակադրությունը գործող իշխանության հետ:

Թերություններից մեկն էլ կարելի է համարել ատելության խոսքի շատ մեծ գեներացիան այս շրջանում, որը գալիս է նախորդ բռնապետական-քաղաքական ռեժիմը ներկայացնող քաղաքական ուժերից, նախևառաջ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից:

Սակայն այս պարագայում ոչ միայն ի դեմս վարչապետի, իրավապահ մարմինների, ինչու ոչ՝ նաև Մարդու իրավունքների պաշտպանի, բավարար չափով հակազդեցությունը չկա, այլև ավելին՝ ՄԻՊ-ը, կարծում եմ՝ որոշակի քաղաքական կողմնապահություն է իրականացնում հօգուտ նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների՝ դրանով իսկ խորացնելով այս մտահոգիչ իրավիճակը:

– Դուք նշում եք, որ ատելության խոսքը գեներացնում է ընդդիմադիր երկու դաշինքը, բայց վարչապետի պաշտոնակատարի բառամթերքը ևս զերծ չէ ատելության խոսքից, նույնիսկ՝ հայհոյանքից: Նրա ելույթներում հնչող ակնհայտ սպառնալիքներ չե՞ն, երբ, օրինակ՝ ասում է, որ անձամբ բոլոր համայնքապետերին իր ձեռքով կպառկացնի ասֆալտին, արդեն հայտնի մուրճի գործածության մասին է խոսում:

– Իշխանությունը շատ հաճախ ընկնում է այդ թրենդի մեջ, որը, իհարկե, գեներացվում է նախկինների կողմից, բայց իշխանությունը պետք է այդ խայծը կուլ չտա, չտրվի նմանատիպ լեքսիկոնով հակադարձելու գայթակղությանը: Իսկ ընդհանուր եթե նայենք, քաղաքական խոսույթն իսկապես չի համապատասխանում խորհրդարանական ընտրությունների նշաձողին, որտեղ գործող իշխանություններն այդ սահմանները հաճախ անցնում են:

Մուրճի մասով՝ ասեմ, որ խնդրահարույց որևէ բան չեմ տեսնում, որովհետև դա ընդամենը սիմվոլիկա է և, ընդհանուր առմամբ, խորհրդանշում է ավելի հատու քաղաքականությունը, որը ցանկանում է որդեգրել գործող իշխանությունը, եթե վերընտրվի:

Այդ թեման նույն Մարդու իրավունքների պաշտպանն էլ անհարկի ուռճացնում է: Վարչապետի ասածն ընդամենը այն է, որ օրենքը խստիվ գործելու է, որը չէր արվում այս երեք տարվա ընթացքում:

Պարո՛ն Խալաթյան, արձանագրո՞ւմ եք, որ այս տարիներին Հայաստանում օրենքը չի գործել:

Այն սաբոտաժային դեպքերը, որի մասին խոսել է վարչապետը, այո՛, թույլ չէր տալիս օրենքը լիարժեքորեն կիրառել նախորդ քսանամյա քաղաքական ռեժիմի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները, կոռուպցիոն դրսևորումները լիարժեքորեն բացահայտելու համար, և դրա հանգուցալուծումն էր «Մարտի 1»-ի գործը:

Այստեղ իհարկե իշխանության անվճռականության ու կիսատ-պռատ բարեփոխումների հետևանքը կա, ինչի մասին բազմիցս խոսել է մեր քաղաքական թիմը: Դա է պատճառը, որ վարչապետն այսօր ստիպված է խոսել պողպատե մանդատից, մուրճից և այլն:

Մտավախություն չունե՞ք, որ օրենքի դիկտատուրա սահմանելով՝ դատական համակարգը կծառայի Նիկոլ Փաշինյանին:

– Կարծում եմ՝ ո՛չ, օրենքի դիկտատուրան չի նշանակում, որ պետք է բռնապետական կարգեր հաստատվեն:

Դատավորների հարցում նման մտավախություն չեմ տեսնում, եթե նրանք որոշեին իրենց նախկին քաղաքական կապերը փոխարինել նորերով, այս երեք տարին նրանց բավական էր:

Նիկոլ Փաշինյանը օրենքի դիկտատուրա ասելով, կարծում եմ, նկատի ունի, որ օրենքը կգործի խստիվ և համատարած:

– Հետընտրական բախումների մասին են խոսում շատերը, ձեր քաղաքական թիմը նման մտավախություններ ունի՞:

– Այդ մասին հիմնականում խոսում են այդ տխրահռչակ քաղաքական խմբերը, որոնք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, թույլ չտալ, որ ընտրություններին լինի քաղաքացիների ակտիվություն, որի ընթացքում կկարողանան ընտրակեղծարարություն անել:

Ակնհայտ է, որ գործող իշխանությունը՝ թե՛ արժեբանական, թե՛ գործնական անհրաժեշտության տեսանկյունից, քաղաքացիական բախումների չի գնալու, որովհետև նախ՝ վայելում է հասարակության էական շերտերի վստահությունը:

Քաղաքացիական բախումները ձեռնտու են նախորդ քաղաքական ռեժիմին և, հատկապես, «Հայաստան» դաշինքին, քանի որ հետընտրական քաոսը այն միակ «փրկօղակն» է, որը նրանց թույլ կտա երկրում իրականացնել իշխանության բռնազավթում:

– Եթե ձեր քաղաքական ուժը հաղթահարի անցողիկ շեմը ու խնդիր առաջանա կոալիցիա կազմել, գործող իշխանության հետ կոալիցիա կկազմե՞ք:

– Եթե նման խնդիր առաջանա, մեզ համար, բնականաբար, կան կարմիր գծեր, նախորդ քաղաքական ռեժիմի հետ ասոցացվող որևէ ուժի հետ համագործակցության չենք գնա, իսկ գործող իշխանության պարագայում քննարկելի տարբերակ կլինի մեզ համար, իհարկե կունենանք մեր սեփական օրակարգը, որը կդրվի քննարկման գործող իշխանության հետ:

Բնականաբար մենք դա չենք բացառում, որովհետև խոսքը երկրի ժողովրդավարական օրակարգի հետագա առաջմղման ու ինքնիշխանության պաշտպանության մասին է:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am