«Եթե ԱՄՆ պետքարտուղարն ընդունում է, որ հարձակման տակ են գտնվում Արցախն ու Հայաստանը, ուրեմն իրենք պատրաստ են մեզ աջակցելու». Ստեփան Գրիգորյան

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության հարցով շատ լուրջ ու դրական է հայկական կողմի համար։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Նրանց մոտ ընտրություններ են, և պարզ է՝ բոլոր ուժերի ուշադրությունը կենտրանացված է ընտրությունների վրա։ Բայց նույնիսկ այդ պարագայում, երբ ամերիկյան ամբողջ էլիտան զբաղված է ընտրություններով, այնուամենայնիվ, նրանք այսպիսի հայտարարարություն արեցին։ Դա շատ լուրջ ու դրական է մեզ համար»,- ասում է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հարցազրույցում, անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, ասել է. «Այդ հակամարտության լուծումը պետք է իրականացվի բանակցությունների և խաղաղ քննարկումների, ոչ թե զինված բախումների միջոցով, և իհարկե ոչ այն երրորդ երկրների հետ, որոնք գալիս են մարտական ուժ տրամադրելու մի իրավիճակում, որն արդեն իսկ պայթյունավտանգ է:

Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն բանից, ինչ անում են ադրբեջանցիները, և որ բոլորը, մինչ դրա տեղի ունենալը, հրադադարի ռեժիմը ճիշտ կպահեն, ապա կնստեն սեղանի շուրջ և կփորձեն կարգավորել այս: Այն, ինչ իսկապես պատմական և բարդ խնդիր է»։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հստակ նշել էր, որ թուրքերը միջամտել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկն ու կրակը, որ տեղի է ունենում Արցախում։

«Այս հայտարարության առաջին մեսիջն այն է, որ այն շատ դրական է մեզ համար։ Երկրորդ մեսիջն այն է, որ Թուրքիային զգուշացնում են, ասելով՝ մենք հասկանում ենք, որ դու մխրճված ես այս գործի մեջ, մենք հասկանում ենք, որ դա Թուրքիայի և Ադրբեջանի պայքար է՝ ուղղված Արցախի հայերի դեմ։ Մյուս մեսիջը՝ հայեր, դիմացեք, հուսով եմ, որ դուք կդիմանաք, հետո նորից կվերսկսվի բանակցային գործընթացը»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իսկ ամենակարևոր ուղերձը հետևյալն է՝ ԱՄՆ-ն ասում է՝ մենք բաց ենք ձեզ հետ խոսելու համար, թե ինչով կարող ենք օգնել։

«Եթե ԱՄՆ պետքարտուղարն ընդունում է, որ հարձակման տակ են գտնվում հայերը, Արցախը, Հայաստանը, բաց ու պաշտոնական հայտարարությամբ դա ասվում է, ուրեմն իրենք պատրաստ են մեզ ինչ-որ հարցերով աջակցելու։

Ես հուսով եմ, որ մենք բոլորս դա հասկացանք, և պետական ինստիտուտներն ինչ-որ քայլեր կանեն։ Ես հարցի վրա հատուկ ուզում եմ ուշադրություն դարձնել, քանի որ մարդիկ երբեմն մտածում են, որ ամեն ինչ պետք է բաց տեքստով ասել։ Ես հուսով եմ, որ Հայաստանում այդ ուղերձները հասկանում են և կարձագանքեն այդ առաջարկներին»,- նշում է Ստեփան Գրիգորյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am