«Ինչպես մահափորձից առաջ էր ձանձրալի, այնպես էլ հիմա». ըստ քաղտեխնոլոգի` Հայրիկյանի որոշումից ոչինչ կախված չէր

«Ինչպես մահափորձից առաջ էր ձանձրալի, այնպես էլ հիմա». ըստ քաղտեխնոլոգի` Հայրիկյանի որոշումից ոչինչ կախված չէր
«Ինչպես մահափորձից առաջ էր ձանձրալի, այնպես էլ հիմա». ըստ քաղտեխնոլոգի` Հայրիկյանի որոշումից ոչինչ կախված չէր

Քաղաքական փորձագետի կարծիքով` ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հայտարարությունը, որ չի դիմի Սահմանադրական դատարան փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար, է, անգամ դիմելու դեպքում ոչինչ չէր փոխի:
«Անկախ նրանից, Հայրիկյանը որոշում կկայացներ` դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ, դա ոչինչ չէր փոխի, քանի որ Սահմանադրական դատարանը կայացնելու էր այն որոշումը, ինչ կկարգադրվեր Բաղրամյան 26-ից»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա նշում է, որ վերջին 20 տարիներին Սահմանադրական դատարանի որոշումները միշտ այդպես են եղել, և Հայրիկյանի դիմելը կամ չդիմելը էական չէ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայրիկյանը նոր ընտրությունները բացառում է, նա չի օգտվելու և չի դիմելու Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունները հետաձգելու համար, թեև առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին Տպագրիչների փողոցում Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել անհայտ անձի կողմից, ով հրազենից վիրավորել էր թեկնածուի աջ անրակը: Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջորդ օրը բարեհաջող վիրահատել էին:

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ Պարույր Հայրիկյանը, որպես նախագահի թեկնածու, կարող էր հետաձգել փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները, քանի որ, ըստ հոդվածի, հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։

Սակայն անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։

Մինչդեռ Հայրիկյանը հրաժարվեց Սահմանադրական դատարան դիմելուց և որոշում կայացրեց շարունակական ընթացք տալ ընտրական գործընթացներին:

«Ինչպես մահափորձից առաջ էր ձանձրալի, այնպես էլ հիմա` մահափորձից հետո, նույն կերպ ձանձրալի անցնելու են ընտրությունները: Իսկ արդյունքներն արդեն կանխորոշված են, ոչինչ չի փոխվելու»,- հավելում է Բադալյանը:

© Medialab.am