17 գիրք, որ ամենաշատն է վաճառվել մեկուսացման օրերին

«Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում»: («Ժանտախտը», Ալբեր Կամյու, 1947)

«Պարկն արդեն լուծվել է ջրի մեջ և վիրուսը տարածվել։ Սիենան Լենգդոնին պատմում է Զոբրիստի նամակի մասին, որտեղ ասվում էր, որ գենետիկական վիրուսը մարդկության որոշ հատվածում կառաջացնի անծնելիություն։ Այսպիսով կլուծվի երկրագնդի գերբնակեցման խնդիրը, ըստ գիտնականի՝ չվնասելով մարդկությանը։ Սիենան վախենում էր, որ վիրուսը, ընկնելով այլ մարդկանց ձեռքը, կօգտագործվի որպես զենք, այդ իսկ պատճառով ցանկանում էր այն վերացնել, սակայն ուշանում է»։ («Ինֆերնո», Դեն Բրաուն, 2013)

Այս մեջբերումները Ալբեր Կամյուի «Ժանտախտը» և Դեն Բրաունի «Ինֆերնո» գրքերից են, որոնք գլխավորում են վերջին մեկ ամսվա ընթացքում ամենավաճառված գրքերի ցուցակը։

Ամենապահանջված գրքերի ցուցակը ներկայացվում է «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան՝ «Զանգակ» գրատան և «Դարան» գրախանութի տրամադրած տվյալների։

Գրախանութների ամենավաճառված գրքերի ցուցակում առաջնային տեղում են նաև Հերման Հեսսեի «Նարցիսը և Ոսկեբերանը» վեպը և Ջոջո Մոյեսի «Ես՝ մինչ քեզ» ռոմանտիկ նովելը։

Ցուցակը շարունակում են Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» և «Հայրիկ, դու խենթ ես» վեպերը։

Մեկուսացման օրերին մեր քաղաքացիները շատ են գնել նաև Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ Անատոլիական պատմություն» վեպը և Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գիրքը։

Կարդացվող գրքերի ցուցակը շարունակում են Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա» գիրքը և Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» ֆանտաստիկ վեպը։

17 ամենաշատ պահանջված գրքերի ցուցակում են նաև Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ պատմվածքը, Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» վեպը և Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»։

Գրքերի ցուցակն ամփոփում են Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպը, Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը, Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գիրքը և Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից»։

Իսկ դուք ի՞նչ գրքեր եք կարդացել մեկուսացման օրերին, գրեք այս մասին մեկնաբանություն բաժնում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am