Բարեգործական ցուցահանդես-վաճառքի ժամանակ հավաքվել է 4 033 000 դրամ, ոը տրամադրվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Երևանում տեղի է ունեցել «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես- վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։

Գինիների աճուրդն անցկացրել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աճուրդի մասնակիցներին, բոլոր գինարտադրողներին, Կոնգրես հյուրանոցին, Պապանինո հաուսին, Հիմնադրամի դեսպան Ամալյա Ակոպովային, սոմելյե Վլադ Խաչատրյանին և բոլոր մյուս մասնակիցներին աջակցության համար։

Նկարչուհի Գոհար Սարգսյանի օգնությամբ հյուրերը գինով արվեստի գործեր են արարել թղթի վրա։ Հաճելի միջավայրում գինի գնողներն իրենց ներդրումն են ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ ձեռք բերելով այն շուկայականից ցածր արժեքով։

Հիմնադրամի մարքեթինգի բաժինը տեղեկացնում է, որ այսուհետ հաճախ են լինելու Հիմնադրամի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով։

Միջոցառումը կազմակերպիչներն անվանել էին «Կենաց», որը գրաբարի «կեանք» բառի սեռական հոլովն է՝ այս խորհրդանշական բառով ցանկանալով հարգանքի տուրք մատուցել բոլոր հերոսներին, նշելով որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն լուսավոր ու արի զոհված հերոսների կենաց (կյանքի) շարունակության։