Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջև համագործակցությանը տարբեր ուղղություններով: Սինգապուրի վարչապետի խոսքով` Հայաստանը և հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում: Լի Սյեն Լունը կարևորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետևողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով և մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջև»,- ասել է վարչապետը` կարևորելով նաև հայկական և սինգապուրյան բիզնեսի միջև փոխգործակցության զարգացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխություններն ու հավելել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը և նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:

Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության հարցեր:

***

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի կառավարությունների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանի և Լի Սյեն Լունի ներկայությամբ, մասնավորապես ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սինգապուրի Հանրապետության մշակույթի, համայնքների զարգացման և երիտասարդության հարցերի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ սինգապուրյան կողմից` Պաշտպանության և արտաքին գործերի ավագ պետական նախարար Մալիկի Օսմանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը: