«Հավատով ու հույսով ենք գնում Արցախ, ճիշտ է մեր տունը կանգուն չէ, բայց մեր հողը կա»․ Նինա Դանիելյանը՝ Երևանից՝ Ասկերան

22-ամյա Նինա Դանիելյանն ընտանիքի հետ նոյեմբերի վերջին նախատեսել են վերադառնալ հայրենի տուն՝ Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ։

Դանիելյանն ու ընտանիքը գյուղից դուրս են եկել նոյեմբերի 4-ին, երբ պատերազմը սկսել էր ահագնանալ։ Դանիելյանը «Մեդիալաբին» պատմում է, որ երբ սեպտեմբերի վերջին պատերազմ սկսվեց, կարծել են, թե զորավարժություններ են։ Սակայն, կարճ ժամանակ անց հասկացել են իրավիճակի լրջությունը և հեռացել են հայրենի տնից՝ տեղափոխվել ժամանակավոր կացարան՝ Հայաստան։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով շուրջ 90 հազար քաղաքացի տեղահանվեց Արցախից։ Պատերազմական գործողությունների դադարից հետո՝ նախորդ օրերի ընթացքում, Հայաստանից Արցախ է վերադարձել շուրջ 7000 արցախցի։

Պատերազմի ավարտից հետո Նինա Դանիելյանի ընտանիքը ևս որոշել է վերադառնալ։ Դանիելյանն ասում է՝ ճիշտ է, տունը կանգուն չէ, բայց կարևորը՝ տարածքը թշնամունը չէ։

«Հավատով ու հույսով ենք գնում, ճիշտ է, մեր տունը կանգուն չէ, բայց տարածքը, հողը մերն են»,- ասում է նա։

Դանիելյանների ընտանիքը դեռևս չգիտի՝ վերադառնալուց հետո որտեղ են բնակվելու և ինչպես են լուծելու կեցության խնդիրը: 
«Կգնանք, կտեսնենք ի՛նչ վիճակ է, հնարավո՞ր է արդյոք վերականգնել տունը։ Կդիմենք, եթե գան սարքեն՝ կապրենք, եթե չէ՝ պետք է մտածենք։ Դեռ չգիտենք՝ ինչպես ենք անելու։ Ստեփանակերտում բարեկամներ ունենք, բայց իրենց տներն էլ լավ վիճակում չեն, որ իրենց տանը մնանք,  դեռ չգիտեմ՝ էդ հարցը ոնց ենք լուծելու»,- ասում է նա։

Դանիելյանը մինչև պատերազմն աշխատել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում, գործող իտալական կարի արտադրամասում, որը կանգուն է մնացել պատերազմի ժամանակ։ Նինան հույս ունի, որ վերադառնալուց հետո վերսկսելու է արտադրամասում դերձակի իր աշխատանքը, որտեղ կարում էր իտալական բաճկոններ: «Հուսով եմ՝ մեր գործարանը կանգուն է մնալու, ու մենք աշխատելու ենք ու ավելի զարգացնելու ենք մեր երկիրը»,- նշում է նա։

Ասում է՝ ճանապարհ ընկնելիս հույս ունեն, որ խաղաղապահ զորքի պաշտպանության ներքո անվտանգ կլինի հայրենիքում բնակվելը, բայց չեն մոռանում, որ շրջափակված են բոլոր կողմերից․ «Շրջափակված ենք ամեն տեղից, միևնույն է, որ ասում են՝ թուրքը մեռած վախտ է հանգիստ, դա է մեր կարգախոսը»։

Դանիելյանն ասում է, որ ճիշտ է՝ անհանգստություն ունեն մեկնելուց առաջ, թե հետագան ինչպիսին կլինի, բայց փորձում են հավատով դա հաղթահարել:

«Հույս ունենք, որ այս ամենից հետո խաղաղ կապրենք: Ճիշտ է՝ հիսուն-հիսուն է՝ և՛ վախը կա, և՛ հույսը։ Ոնց որ մեր մեջ երկու մարդ կա՝ մեկն ասում է՝ լավ է լինելու, մյուսը չգիտի՝ իրո՞ք լավ է լինելու։

Ավելի շատ ուզում ենք լավ լինելու միտքը գերազանցի մյուսին, որ հավատ ունենանք ու չկորցնենք այդ հավատը, որովհետև այդքան տղաներ են զոհվել։ Մենք ապրում ենք ու պիտի գնահատենք դա, մենք ապրում ենք իրենց շնորհիվ»,- ասում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am