Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել. Factor.am

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչ հիմքով է հայց ներկայացվել։

Փաստաբանի տեղեկացմամբ՝ հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, որ ինչո՞ւ օրինակ՝ զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև, առհասարակ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է։

«Նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություն կատարել է նաև «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը։ Եվ, ընդհանուր առմամբ, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սա վերագրել են իրենց և գտնում են, որ ոտնահարվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև տարածվել են զրպարտություն համարվող տեղեկություններ։ Ի սկզբանե մենք և իմ վստահորդները որոշել ենք, որ որևէ խնդիր չունենք այս հայցից պաշտպանվելու, ընդհակառակը, այս հայցը մեզ համար ևս մեկ կարևոր հարթակ է բարձրացնելու այն կարևոր սոցիալական խնդիրները, որոնք մայրերը տարիներ շարունակ բարձրացնում են»,- նշեց փաստաբանը։

Ալեքսանդր Կոչուբաևի հավաստմամբ՝ ներկայացված հայցադիմումն այս փուլում վարույթ ընդունվելու շանսեր չունի, բացի այդ, դրանում առկա են բազմաթիվ դատավարական սխալներ, որոնք իրենց հնարավորություն են տալիս գործով վարույթը կարճելու։

«Իմ վստահորդներն ունեն դիրքորոշում, որ մենք, համենայն դեպս, չպետք է օգտվենք մեր դատավարական իրավունքից և դատարանից կարճում չենք պահանջելու, քանի որ մենք, ընդհակառակը, պաշտպանվելու փոխարեն մտադիր ենք Մարգարիտա Խաչատրյանի և Սաթիկ Խլղաթյանի ասած յուրաքանչյուր բառը դատարանում հիմնավորել»,- նշեց փաստաբանը։

Մարգարիտա Խաչատրյանը նկատեց, որ իրենք ցանկանում են, որ այն չափորոշիչը, որը կիրառվել է Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, տրամադրվել է գումար, կիրառվի նաև զոհված զինվորների ծնողների համար։ Մարգարիտա Խաչատրյանը և Սաթիկ Խլղաթյանը նշեցին, որ իրենք չեն պատրաստվում որևիցե մեկից ներողություն խնդրել։