«Չեմ մոռանա, մեր հանգուցյալ ժողովրդական արտիստներից մեկը 700 դոլարի համար Ծառուկյանի ձեռքը պաչեց, ասեց՝ դու մեր պապան ես». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբ» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք տալու գործով քննություն է ընթանում, մեղադրվում է այդ կուսակցության ղեկավարը։ Այս գործընթացը՝ ընտրակաշառքները բացահայտելու վերաբերյալ, կարո՞ղ է քաղաքական կյանքում մշակույթի փոփոխության բերել։

– Խնդիրը շատ բազմաշերտ է, բայց ես անընդհատ կրկնել եմ՝ հանցագործությունն անպատժելի չպետք է մնա, որովհետև այդ անպատժելիությունը բերում է ռեցիդիվի։ 

Եվ չպետք է ունենա վաղեմության ժամկետ։ Ես մի հարց եմ ուզում տալ՝ ի՞նչ իդեոլոգիա ունեն հայկական կուսակցությունները, ես ուզում եմ նրանց «իզմ»-ը մի հատ հասկանալ։ 

Դաշնակներինը հասկանում ենք, ենթադրենք՝ հեղափոխական-սոցիալիստական կուսակցություն է, կոմունիստներինը հասկանում ենք, բայց ԲՀԿ իդեոլոգիան եմ ուզում հասկանալ։ 

Եթե դա հարուստ մարդու խաղալիք է, որի շուրջ հավաքվում են մարդիկ… Ես շատ ծանր եմ տարել նրանց գրած այդ բարաթներն ու ղազագրեր չեմ ուզում ասել, ցնցված եմ, դա ամենամեծ շոկն է եղել վերջին մեկ ամսվա ընթացքում, որ ապրել եմ։ 

Ես հասկացա՝ վերջին 30 տարվա մեջ ինչ պիտի անեիր, որ քո բարեկեցությունը ինչ-որ կերպ շտկեիր։ Ես իմ օրինակն եմ բերում՝ ինչո՞ւ ես այսօր խայտառակ վիճակում, բանկրոտության եզրին պետք է կանգնած լինեմ, իսկ այդ մարդիկ ընտրել են շատ հեշտ ճանապարհ իրենց համար։ Գուցե որոշ մարդկանց դա դժվար է տրվել, որովհետև նրանց թվում խելացի ու կրթված մարդիկ կան։

Այսինքն՝ եթե մեր մոտ բացի փողից ուրիշ արժեք չկա, մենք ապագա չունենք։ Այսինքն՝ հարուստ մարդն ինչ ուզում անում է, ֆեոդալի նման է իրեն պահում։ Նապոլեոն Ազիզյանն ասում է՝ Ծառուկյանն ինձ ասեց, ես էլ գրեցի։ Չգիտես ինչ պատասխանես, լացդ գալիս է, մարդիկ իրոք չե՞ն հասկանում ինչ են անում։

– Դա միա՞կ կուսակցությունն էր, որ ընտրակաշառքների հետ է կապվում, թե՞ այլ բացահայտումներ էլ պետք է լինեն։

– Ես կարծում եմ՝ եթե բացահայտումներն իրենց ամբողջության մեջ լինեն, ապա ազգի կեսը կարող է տեղում ինֆարկտ ստանալ։ Եվ խոսքը միայն ԲՀԿ-ի մասին չէ, խոսքը այն մասին է, թե վերջին 30 տարիներին ինչեր են կատարվել մեր երկրում։ 

Ես ԲՀԿ-ականների հարցազրույցները նայեցի, արդարանալը, ես իրենց փոխարեն իսպանական ամոթի զգացում ապրեցի։ Այնպես չէ, որ ես մարդու մասին մեծ կարծիք ունեմ, բայց եթե այդ մարդիկ չեն հասկանում, որ դա իրենց ապրելակերպը կամ բարեկեցությունը շտկելու կամ լավացնելու ձև չէ… Մեր հասարակությունը շատ հեշտ է ներում նման դեպքերը։ 

Որևէ երկրում նման մարդիկ քաղաքական դիակ էլ չեն, քաղաքական մումիա են երևի։ Բայց մենք թեթև ենք նայում դրան, մենք շատ ենք ներողամտությամբ վերաբերվում մարդկանց, որոնք ունեն պաշտոն ու փող։ 

Չեխովի ասած՝ դա ստրուկն է, որը պետք է քամես միջիցդ։ Մարդու ձեռքից ամեն ինչ խլում ես, հետո մի կտոր գցում ես իր դեմը, սկսում է ձեռք համբուրել։ Ես երբեք չեմ մոռանա՝ մեր հանգուցյալ ժողովրդական արտիստներից մեկը, անունը չեմ ուզում տալ, 700 դոլարի համար Ծառուկյանի ձեռքը պաչեց, ասեց՝ դու մեր պապան ես։ Բայց ինքը Ծառուկյանից մեծ էր 35 տարով։ Ես այս ամենը հուսահատության աստիճանի ծանր եմ տարել։ 

– Այդուհանդերձ, հնարավո՞ր է այս մեթոդներով մաքրել քաղաքական դաշտը։

– Ամենամեծ ցավն այն է, որ այս ամենի բարոյական գնահատականը չկա։ Բարոյական գնահատականն էլ է քաղաքական, մարդիկ բաժանվել են բացառապես քաղաքական գծերով։ 

Բայց այդպես չի լինում, կուսակցական ճշմարտություն չի լինում, կուսակցական արժեք չի լինում, որովհետև մի օր կարող է քո կուսակցական արժեքը բախվել ազգային արժեքին։ Ես ոչ մի լավ բան չեմ տեսնում նրանում, որ օրը 2-3 կուսակցություն է բացվում։ 

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ո՞րն է դրանց տարբերությունը։ Մեկն ասում է՝ ուզում ենք սոցիալիզմ, մյուսն ասում է՝ ուզում ենք ճորտատիրական կարգերը վերականգնել Հայաստանում։ 

Կարդում ես, բոլորը նույն բանն են ասում, ինչո՞ւմ է նրանց տարբերությունը, ինչո՞ւ չեն միավորվում, որովհետև ամբիցիաներն են մեծ։ Նրանք սեփական անձերը գերագնահատած անձինք են, ամեն մեկը լայվ է մտնում ու սկսում խոսել, սա կատաստրոֆա է, չգիտեմ՝ ուր ենք գնալու։ Եվ պատկերացրեք՝ մարդուն այս տգիտությունից հանելու միակ լուծումը մշակույթն է։ Բայց տեսեք՝ ուր է բրախած մշակույթն այսօր։ 

Այս քաղաքական պրեսինգը, քաղաքական պոռնոգրաֆիան, որ տիրում է, չեն հասկանում, որ սրա վերջը շատ վատ է։ Մարդկանց հուսահատության են հասցնում։ 

Չի կարելի մարդկանց այսքան տալ, ամենալավ վիտամինն էլ տաս մարդկանց, հիպերվիտամինոզից մեռնելու են։ Հիմա քաղաքական հիպերվիտամինոզ է, որը վնասակար է, մարդ դեգրադացվում է։ 

Իրար լսել չգիտեն, իրար ատում են, սրա վերջը չգիտեմ ինչն ա։ Եթե դա հասնում է ինչ-որ եզրի, պարզ տեքստով ասած, մարդիկ սկսում են կրակել իրար վրա։ Երբ բռունցքներն ու հայհոյանքները չեն հերիքում, բայց զայրույթդ բլթբլթում է, արդեն մյուս էտապը դա է։ Մենք ի՞նչ ենք ուզում անել, այս քաղաքական պոռնոյի վերջը ե՞րբ պետք է տանք։

Սարսափելի հուսահատ վիճակ է ինձ մոտ, ես ինձ ավելորդ եմ զգում, և միայն ես չէ։ Ոչ մեկի ոչինչ պետք չէ՝ ո՛չ կինո, ո՛չ երաժշտություն, ո՛չ գրականություն, ոչինչ պետք չէ։ 

Ժուռնալիստիկայի մակարդակն էլ այն է, որ երկու հոգու քսի տան իրար վրա, հայհոյեն իրար, որ իրենք գրեն։ Ես չգիտեմ՝ ուր ենք մենք գնում, սա դեգրադացիայի աստիճան է, մեր պլինտուսը մնացել է վերևները։

– Իշխանության անելիքը ո՞րն է այս իրավիճակը շտկելու համար։

– Սա ինստիտուցիոնալ տգիտություն է՝ թե՛ իշխանության, թե՛ նրանց կողմից։ Բանի պետք չեն ոչ մեկը, որովհետև ոչ ոք չի կարողանում 4-5 օր խոդ նայել։ Եթե իրենց թվում է, որ շիզոֆրենիայի բուժումը պետք է գտնեն, խորապես սխալվում են, չկա դրան բուժում, կա ժամանակավոր լավացում։ 

Ես էլի եմ ասում՝ եթե հոգևոր պրոդուկտ չենք արտադրում, մենք անիմաստ տարածք ենք զբաղեցնում, եթե որպես մշակութային միավոր մեզանից բան չենք ներկայացնում։ Ես մտածում եմ, որ սա արտագաղթի մեծ ալիք է բերելու։ 

Լավ, մենք ի՞նչ ենք ուզում։ Ասում են՝ լավ ապրենք։ Մարդիկ բողոքում են, ասում են՝ Նիկոլը եկավ, բայց ես լավ չեմ ապրում։ Բայց Նիկոլը պիտի գար իրեն փող տար, էդ ժամանակ կասեր՝ ինքը լա՞վն է։ 

Մի՞թե իշխանությունը չի հասկանում, որ տգետ զանգվածի հետ գործ ունի։ Ուրեմն այդ տգիտությունը պետք է վերացնել։ Եթե չեն վերացնում, ուրեմն իրենց ձեռք է տալիս, որովհետև տգետին ավելի հեշտ է լոզունգներ ասել, հասցնել էմոցիոնալ օրգազմի և հիշել իրեն 5 տարին մեկ անգամ ընտրությունների ժամանակ։ 

Նույնն էլ անում էր Հանրապետականը՝ սոված, տգետ, 5-10 հազարով առնում էին։ Չգիտեմ՝ ինչ երկիր ենք կառուցում, այս նոր կուսակցությունների մոտ ի՞նչ ծրագիր է, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել։ Արժանապատիվ երկիր՝ այդ դեմագոգիան թող համապատասխան տեղն օգտագործեն, դա ջուր է, որն արդեն ամոթ է լսել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am