Պարո՛ն վարչապետ, Հրայր Թովմասյանի գլխին լուսապսակ մի՛ դրեք

Մհեր Արշակյան

Պարո՛ն վարչապետ, մարդկանց մի՛ ոչնչացրեք։ Դուք նաև նրանց համար եք պատասխանատու։ 

Հրայր Թովմասյանը վտանգավոր մարդ էր և է Հայաստանի Հանրապետության համար։ Նա չափազանց շատ բաների համար պիտի պատասխան տա։

Բայց մի՛ ասեք, թե այնպիսի ուժեղ հակահարված ունեմ։ Դուք այսպես թե այնպես Հայաստանի բոլոր քաղաքացիներին «ոչնչացնելու» բավարար զենքեր ունեք, բայց, տեսեք՝ մարդիկ «ոչնչանում» են նաև առանց այդ զենքերի։ 

Ոչ մի կասկած, որ Հրայր Թովմասյանը թողնելու է ՍԴ նախագահի աթոռը, ու համաձայն եմ՝ իրեն տրվել էր արժանապատիվ հեռանալու «միջանցք»։ Եվ համաձայն եմ, որ Հրայր Թովմասյանը կրակի վրա յուղ է լցնում, երբ ձեզ սպառնում է դատի տալ, բայց դուք՝ սիրո և հանդուրժողականության առաջին ձայնդ, մի՛ տրվեք այդ սադրանքին։

Վաղը, երբ Հրայր Թովմասյանը պաշտոնանկ կլինի, գուցե նույնիսկ ՍԴ անդամ իր կողմնակիցների ձեռամբ, դուրս է գալու փողոց, և այնտեղ ոչ մեկը, որը երբևէ խոնարհվել է այդ մարդուն, նրա կողմն էլ չի նայելու։

Հրայր Թովմասյանն իր աչքով է տեսնելու իր անկումը, բայց դուք էլ ձեր հերթին սպառնալիքներով կրակին յուղ մի՛ լցրեք, եթե նույնիսկ ձեր սպառնալիքները մեծ հաշվով հօգուտ Հայաստանի Հանրապետության են, որում չեմ կասկածում։ Հրայր Թովմասյանը մի օր լուսացնելու է առավոտը և տեսնի, որ ինքը ոչ մեկն է։ 

Ինչ-որ մեկի ոչ մեկը չլինելու այս կանխավարկածը ձեր բոլոր քայլերի հաշվարկում պետք է լինի։ Հրայր Թովմասյանն այսօր դիմադրում է, որովհետև ինչ-որ մարդիկ նրան համոզել են, թե մնալու հիմքեր ունի։

Գտե՛ք այդ հիմքերի անհեթեթությունը և հեռացրե՛ք այդ մարդուն, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից լավ ոչ մեկը չի ներկայացրել այդ հիմքերը։ Դուք ձեր քաղաքացուն պատերազմ եք հայտարարում կոմպրոմատներով ու ամբողջ երկիրն «ապահովում» էքշընով։ Ոչ մի խնդիր, այսպես նույնիսկ հետաքրքիր է, բայց մարդը, որն ուժեղ է կոմպրոմատների մեջ, հաստատ մինչ այդ պարտվել է բանավեճում։ 

Ես համաձայն եմ, որ Հրայր Թովմասյանի ոչ պետականանպաստ գործերի մասին ամեն ինչ պիտի հայտնի լինի հասարակությանը։ Որպեսզի վաղը որևէ մեկի մտքով չանցնի կանգնել այդ ճանապարհի վրա։

Բայց մարդուն մի՛ հաղթեք այնպես, որ վաղը սեփական դստեր աչքերի մեջ չկարողանա նայել։ Ինքն իրեն հասցրել է բոլոր հարվածները Սերժ Սարգսյանի թիմում աշխատելու համար։ Թույլ տվեք մարդը ապրի և տնօրինի անբարոյականության այն բեռը, որը ուսերից դեն նետելու համար պետք է ունենա սթափ գլուխ։ 

Այսօր ո՞վ կուզի, որ ՀՀ վարչապետը պարտվի ՍԴ ոչ լեգիտիմ նախագահին։ Քրեական գործ եք հարուցել, արագացրե՛ք դրա ընթացքը, մարդուն դատապարտեք և օրենքի ուժով իր պաշտոնից ոչ ևս հայտարարեք, թող ոստիկանությունն էլ ՍԴ դռները փակի նրա առաջ, ու նա հաշտվի այդ մտքի հետ, որ էլ չի աշխատելու, վե՛րջ, ավարտվեց իր ժամանակը։

Բայց ամեն ինչ թող լինի այնպես, որ Հրայր Թովմասյանը ՍԴ պատերից դուրս չդադարի լինել ՀՀ քաղաքացի, նույնիսկ եթե դատապարտյալ է։ Թեպետ լավ չգիտեմ, թե ուրիշ ինչո՛վ նա կարող է օգտակար լինել այս պետությանը։ Բայց նույնիսկ մտավոր առումով «կոմայի» մեջ գտնվող մարդուն ոչ մեկն օրենքից դուրս չի հայտարարում։

Կարճ ասած, Հրայր Թովմասյանի գլխին այս պատերազմով լուսապսակ մի՛ դրեք։

Մի օր մարդիկ ձեզ էլ չեն ընկալելու, և այդ ժամանակ սարսափելի կլինի տեսնել, թե ինչպես է ձեր դրած «լուսապսակով» վերադառնում Հրայր Թովմասյանը։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am