«Մյուս պոստում ավելի ուժեղ հարձակում ա եղել, ասել ա՝ կամանդիր, ես էլ եմ գալիս, ահագին բոյ են տվել, երեկոյան զոհվել ա»․ Վարդան Պողոսյանը որդուն կորցրել է պատերազմի առաջին օրը

«Ոտին, փորին, գլխին հրազենային վնասվածք ա ստացել, վիրավորվել ա։ Տարել են Մարտունի, վիրահատել են, մինչև երեկոյան ժամը 10-ը ողջ ա եղել, դրանից հետո էլ չի դիմացել, երեխեն մահացել ա»,- կսկիծով ասում է 44-ամյա Վարդան Պողոսյանը, որը պատերազմի առաջին օրը կորցրել է որդուն՝ 19-ամյա ժամկետային զինծառայող Ալեքս Պողոսյանին։

Ալեքս Պողոսյանը Հադրութում է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին բարձրացել են դիրքեր, որտեղ մարտի են բռնվել հարձակում գործած հակառակորդի հետ, այնուհետև հրամանատարի հետ իր իսկ պնդմամբ տեղափոխվել է մոտակա մեկ այլ դիրք, որտեղ առավել թեժ պայքար էր ընթանում։ Ալեքս Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Իրանք ահագին ժամանակ բոյ են տվել, մյուս պոստում ավելի ուժեղ հարձակում ա եղել, հրամանատարը գնացել ա օգնության: Ալեքսն ասել ա՝ կամանդի՛ր, սպասի, ես էլ եմ գալիս, ասել ա՝ չէ՛, ինքը զոռել ա, գնացել: Զրահատեխնիկա են խփել, ահագին բոյ են տվել, երեկոյան զոհվել ա»,- հուզմունքով ասում է 44-ամյա հայրը։

Վարդանն ինքն էլ լսելով պատերազմ սկսվելու մասին՝ շտապել է առաջնագիծ, սակայն նրան մերժել են, ասելով, որ դեռ իր կարիքը չկա, և նա որոշել է մեքենայով 

օգնել ընտանիքներին Արցախից Հայաստան տեղափոխվել:

Երկու օր անց եղբոր կինը զանգել է Վարդանին և ասել, որ լսել է՝ Ալեքսը վիրավորվել է և Երևանի հիվանդանոցներից մեկում է։ Երկար փնտրտուքներից հետո Վարդանը Երևանում որդուն չի գտնում, ավելի ուշ ծանոթներից տեղեկանում է, որ որդին զոհվել է։

«Զանգեցի իրա հրամանատարին, չկարողացա կապվել, զանգեցի նախկին հրամանատարին, ասեցի՝ խնդրում եմ՝ իմացի, սենց բան եմ լսել… Մի 20 րոպե հետո զանգեց, ասեց՝ չգիտեմ ինչ ասեմ, բայց ինչ լսել եք, ճիշտ ա»,- ծանր պահերն է վերհիշում Վարդան Պողոսյանը։

Ասում է՝ տեղեկացել էր, որ որդին զոհվել է, բայց տասներկու օր չէր գտնում որդու մարմինը։ Տասներկու օր Հայաստանի բոլոր դիահերձարաններում գիշեր-ցերեկ փնտրելուց հետո հոկտեմբերի 12-ին զանգ է ստացել… ասել են, որ հանձնած ԴՆԹ-ն համապատասխանել է։

«12 օր ոչ հաց եմ կերել, ոչ քնել եմ։ Ասում էի՝ լավ, կռիվ ա, երեխեն զոհվել ա, բայց ո՞ւր ա։ Գնում էի նախարարություն, մորգեր, ամբողջ հանրապետությունով մեկ ես 12 օր ման եմ եկել՝ Շամշադին, Կալինինո, Մեղրի, Սպիտակ, Գյումրի, Աշտարակ, քաղաք ու հիվանդանոց ու մորգ չկա, որ գնացած չլինեմ։

Ամսի 12-ն էր, Մեծամորի դիահերձարանում էի, անծանոթ համարից ինձ մի հատ զանգ եկավ, ասին՝ կենտրոնական անատոմիկից ենք, մի պահ չպատկերացրի՝ ի՛նչ ա, որ նորից կրկնեց, հասկացա՝ մորգից»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է հայրը։
 

«Միանգամից գնացի Երևան։ Մտա կենտրոնական դիահերձարան, խալադելնիկը քաշեցի-բացեցի, որ ճանաչեմ… Սկզբում գլուխն էրևաց, բայց մինչև դեմքին նայելը մազերից ճանաչեցի, որ երեխես ա»,- պատմում է հայրը ու ասում, որ մինչև այդ պահը հույսը չէր մարում, որ որդին ողջ-առողջ կվերադառնա։

«19 տարի պահես-մեծացնես, մեկ էլ ասեն՝ չկա, ո՞նց պիտի լինես։ Շատ վատ վիճակում էի, ուշաթափվեցի։ Հետո 4 ամիս չաշխատեցի, տնից դուրս չէի գալիս։ Հետո տղերքը եկան, ընկերներս, հարազատներս օգնեցին, բարեկամներս, խոսում էին, հույս էին տալիս, հետո չորս կողմս նայեցի, տեսա՝ մենակ ես չեմ, կան մարդիկ, որոնք մինչ այսօր էլ չեն գտել իրենց երեխեքին»,- ասում է Վարդան Պողոսյանը։

Ալեքս Պողոսյանը համեստ էր, խելացի, բոլորին մշտապես օգնում, սովորում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ պատմում է հայրը։ Սիրում էր անասնապահություն ու ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր այդ գործով զբաղվել։

«Շատ նպատակներ ուներ, ասում էր՝ գնամ բանակ, գամ, անասուններ շատացնենք, տուն առնենք։ Մենք տուն չունեինք, վարձով էինք ապրում։ Տղուս երազանքները մնացին կիսատ»,- ասում է հայրն ու լռում։

Ալեքս Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Արիության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am