ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ

Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ներառված են զրահափոխադրիչներ, տրանսպորտային միջոցներ և նյութատեխնիկական աջակցություն, որոնք նախկինում Ռուսաստանից Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան: Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումները երթ են իրականացրել Գորիսի, Սուսի, Կանաչ թալայի, Լիսագորի լեռնանցքի, Շուշիի հարավ-արևմտյան ծայրամասային երթուղով և սկսել 4 դիտակետ տեղակայել «Հարավ» պատասխանատվության գոտում: Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում՝ 6 ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվել է 10 դիտակետ:

Նշվում է, որ դրանց է վերապահված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքելու, այդ տեղեկատվությունը ժամանակին խաղաղապահ ուժերի հրամանատարությանը հասցնելու, ինչպես նաև տարանցիկ երթևեկության անվտանգության պահպանման և խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունները ճնշելու գործառույթը:  Դա կնպաստի խաղաղ կյանքին և փախստականների վերադարձին արագ անցմանը:

Խաղաղապահ գործողության իրականացման տարածքում առաջադրանքներ կկատարեն նաև խաղաղապահ զորամիավորման մաս կազմող ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:  Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացումը, ավտոշարասյունների ուղեկցումը:

Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով: