«Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա»․ Ռուստամ Բադասյան

Արդադարադատության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցավ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա։ Տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Եվ ես կոչ եմ անում բոլորիդ, նոր ոճ է ի հայտ եկել՝ ինչ-որ տելեգրամյան անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում, որի հիման վրա նաև հետո տարածում են մեր մյուս զանգվածային լրատվամիջոցները։ Եվ հասարակությունում առաջանում են հուզումներ, սխալ տեղեկությունների հիման վրա անհանգստություններ։ Ես կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,- ասաց նախարարը։

Ակցիայի մասնակիցների հարցին, թե միգուցե պայմանագիր չէ, այլ փաստաթուղթ է, նախարարը պատասխանեց․ «Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, միջազգային պայմանագիր չի ստացվել, գոյություն չունի։ Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես՝ որպես կառավարության անդամ տեղյակ կլինեի նման միջազգային պայմանագրի մասին»։

Բադասյանը նաև ասաց, որ կառավարությունում չի քննարկվել որևէ նման հարց, որևէ տեղեկություն նման պայմանագրի մասին չկա։

Նշենք, որ այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով նախարարությունից գաղտնազերծել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում։