«Զանգում էր, ասում էր՝ պա՛պ, իմացի, որ դու հզոր տղա ունես, թուրքերին սատկացնում ենք»․ Վարդգեսը՝ կատակասեր, կռվի դաշտում՝ երգը շուրթին

Սեդրակ Ղազարյանը հուզմունքը կոկորդում խեղդելով հիշում է որդու խոսքը, որը միշտ հույս էր տալիս, գոտեպնդում, որ ամեն ինչ լավ է լինելու։ 

«42 օր կռվել ա, ոչ մի օր չի դժգոհել, միշտ որ զանգում էր, ասում էր՝ պա՛պ, իմացի, որ դու ստեղ հզոր տղա ունես, գալիս են թուրքերը՝ սատկացնում ենք, էլի են գալիս՝ էլի ենք սատկացնում, հույս էր տալիս»։

Հայրն ասում է՝ տղան երբեք չէր բողոքում, ընդհակառակը՝ պատերազմի դաշտից կատակով պատասխաններ էր տալիս։

«Նույնիսկ պապի հետ խոսում էր, ասում էր՝ պա՛պ, լրիվ Ադրբեջանը գրավել ենք, մի-երկու քոսոտ գյուղ ա մնացել, էդ էլ թողել ենք իրանց»,- պատմում է Սեդրակը։

Սեդրակ Ղազարյանի որդին՝ 19-ամյա Վարդգես Ղազարյանը, ծառայել է Հադրութում, երբ սկսվել է պատերազմը։

Վարդգեսը հակառակորդի դեմ կռվել է Հադրութում, այնուհետև տեղափոխվել է Մարտունի 2, որտեղ ևս թեժ մարտեր է մղել, ապա տեղափոխվել է Խնձրիստան գյուղ։ Հոր խոսքով՝ Խնձրիստան տղաներին տեղափոխել էին, որ այլևս չմասնակցեն պատերազմին, սակայն Շուշի մեկնելու հրաման են ստացել։

«Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տարել են Շուշի»,- նշում է հայրն ու ասում, որ մինչև նոյեմբերի 7-ը որդու հետ կապ է ունեցել, խոսել։

«Նոյեմբերի 7-ին՝ ժամը 3-4-ի կողմերը, խփել են ընկերոջ ձեռին, վազել ա ընկերոջը օգնի, իրա ոտին են խփել։ Ինքը վիրավոր մնացել ա էնտեղ, շատերը փախել են, ինքը էդպես կռվել ա, զոհվել»,- ցավով պատմում է հայրը։

Սեդրակն ասում է՝ երբ որդուց զանգ չի ստացել, արդեն կասկածներ է ունեցել, որ ինչ-որ բան այն չէ, սկսել են որդուն փնտրել, 82 օր հետո են միայն գտել որդու մարմինը, որը հունվարի 26-ին Հայաստանին է փոխանցել Ադրբեջանը:

«Հունվարի 27-ին մարմինը Երևանում էր։ Ամսի 31-ին հուղարկավորեցինք մեր գյուղում՝ Թալինի Զովասար գյուղում»,- ասում է հայրը ու ծանր լռում։

Հայրն ասում է, որ հանդիպել է որդու զինակից ընկերների հետ, տեղեկացել, որ տղան բացի հակառակորդի դեմ թեժ պայքար մղելուց և հակառակորդին կորուստներ տալուց, կարողացել է հակառակորդի շրջափակումից դուրս բերել 10 զինվորի։

«Զինվորներից մեկն ասում էր, որ աֆիցեր չեն ունեցել, Շուշիում 10 հոգով ընկել են շրջափակման մեջ, նոյեմբերի 6-ին Վարդգեսն անվտանգ, անվնաս հանել ա շրջափակումից, չի թողել, որ տղաները կրակեն, որ իրենց տեղը չմատնեն»,- պատմում է հայրն ու ասում՝ որդու զոհվելուց հետո փորձում են ուժեղ լինել, քանի որ ուժեղ որդի են ունեցել։

«Վարդգեսը հումորով էր, սիրում էր կատակներ անել, ժպիտը միշտ դեմքին էր։ Շատ սիրում էր երգել։ Տղերքը պատմում են, որ անգամ կռվի դաշտում Վարդգեսը երգել է, «Ախ, օրեր, օրեր» երգը» իր սիրելի երգն էր։

Օրեր օրեր կյանքիս օրեր, ինչու՞ եք դուք գնում, 

Օրեր, օրեր, կյանքիս օրեր, ինձնից եք հեռանում…

Վարդգեսի մայրը՝ 42-ամյա Ազնիվ Ղազարյանը, հուզմունքով է հիշում՝ ինչպես էր որդին օգնում ու աջակցում բոլորին, մոր խոսքով՝ տղան շատ հոգատար էր, աջակցող:

«Նվիրված էր թե՛ մեզ՝ ծնողներիս, թե՛ քրոջն ու ախպորը, շատ ուշադիր էր բոլորիս նկատմամբ։ Գյուղում ենք ապրում, հայրը դրսում էր աշխատում, ինքը միշտ օգնում էր տան բոլոր հարցերում, գյուղատնտեսական աշխատանքներում, չի թողել ես մի դժվար գործ անեմ, իմ ձենը հենց լսում էր, կողքիս կանգնած էր»,- ասում է մայրը ու հուզվում:

Վարդգեսը սիրել է նաև սպորտը, զբաղվել է կարատեով, 3 տարի ըմբշամարտ է պարապել, հայրն ասում է՝ որդին բանակից գար, պետք է շարունակեր ըմբշամարտը։ Չհասցրեց՝ կսկիծով ասում է հայրը։

Ղազարյաններն ասում են՝ կյանքը գլխիվայր շուռ է եկել որդուց հետո, հոգու անկյունում դատարկություն ու բաց է, բայց փորձում են ապրել հանուն իրենց որդու, որ կարողանան իր նպատակները իրագործել:

«Մենք երջանիկ էինք, ուրախ ընտանիք, բայց հիմա ամեն ինչը շուռ եկավ, ապրում ենք, բայց սրտիդ, հոգուդ անկյունում ամեն ինչ կիսատ ա։ Փորձում ենք ուժեղ լինել, որ իր նպատակները իրագործենք։ Պատերազմի ժամանակ զանգում էր, ասում էր՝ պապա, Ասատուրը (փոքր եղբայրը) ինչ ուզի, կանես, չխնայես իրա համար։ Փորձում ենք իր ասածները իրականացնել, երևի ամենաշատը ինքը կուզեր իր քրոջն ու ախպորը երջանիկ տեսներ, փորձում ենք մենք ապահովել»,- ասում է հայրը։

Վարդգես Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am