Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանին ազատելու միջնորդությունը քննարկելու նպատակով

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանին ազատելու միջնորդությունը քննարկելու նպատակով
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանին ազատելու միջնորդությունը քննարկելու նպատակով

Ռոբերտ Քոչարյանը դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ հանդես եկավ պարզաբանմամբ որոշ հարցերի վերաբերյալ․

«Ես հարյուր տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու և փորձելու են կալանավորելու։ Ես հստակ գիտեի՝ ուր եմ գնում և ինչ է սպասվում։ Դրա հակառակն էր՝ չես գալիս, աղմուկ են բարձրացնելու, որ փախավ և այլն։ Սա է եղել իմ գալու նպատակը»։

Քոչարյանն ասաց, որ ինքն ունեցել է երկու դիվանագիտական անձնագիր և կարող էր հանգիստ հեռանալ Հայաստանից․ «Ես քննիչին ասել եմ՝ գիտեմ՝ գնամ, աղմուկ եք բարձրացնելու, խորհրդակցիր ղեկավարիդ հետ, եթե չեք ընդդիմանա գնամ։ Քննիչը ասեց, որ երկու օրից պատասխան կտա։ Երբ ստացա մերժում, ուղղակի հրաժարվել եմ պատվերից, տոմսը չեմ գնել»։ Երկրորդ նախագահն անդրադարձավ դատախազների պնդումներին, թե կալանքի հարցն արդեն քննվել է նախորդ նիստերին, նշելով, թե գրավի կիրառմամբ կալանքի հարցին անդրադարձ չի եղել:

«Ասում են, որ ես նախկինում պաշտոն եմ զբաղեցրել, կարող եմ ազդել վկաների և քննություն իրականացնող մարմինների վրա։ Իմ՝ պաշտոն զբաղեցրած հանգամանքը աշխատում է իմ դեմ։ Ո՞նց կարելի է ասել, որ այսօր՝ այս պայմաններում կարող եմ ազդել քննության վրա։ Ուղղակի ես զարմանում եմ, աբսուրդ է։ Ինչ վերաբերվում է վկաների վրա իմ ազդեցությանը, ես ասեցի արդեն, որ ընդամենը մի քանի հոգու հետ է եղել շփում, ազդելու սուբյեկտ ուղղակի գոյություն չունի քրեական գործում։ Բոլոր այստեղ նստածները արդարացվելու են, այս մարդկանց ուսերին է ստեղծվել մեր բանակը, մեր պետականությունը։ Խաչատուրովը գեներալ էր՝ Մոսկվայում, կարող էր չգալ, Սեյրան Օհանյանը փախչող լիներ, ոտքը չէր կորցնի։ Այս տեսակի մարդկանց շնորհիվ է այս երկիրը կայացել»,- ասաց Քոչարյանը։

Նրա տեղեկություններով՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բեկորային վնասվածքներ ստացած ոստիկաններ են եղել, բայց նրանք չեն գալիս դատարան և չեն պատմում ինչ է տեղի ունեցել։ Տուժողներին, նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև պաշտպանական կողմին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գրավի կիրառմամբ Քոչարյանին ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Աղբյուրը՝ Factor.am