Մուսա. Գագիկ Ծառուկյանը ոչ թե գիրքն է գրել, այլ ոգեշնչել է գրքի հեղինակին

Մուսա. Գագիկ Ծառուկյանը ոչ թե գիրքն է գրել, այլ ոգեշնչել է գրքի հեղինակին
Մուսա. Գագիկ Ծառուկյանը ոչ թե գիրքն է գրել, այլ ոգեշնչել է գրքի հեղինակին

ԲՀԿ ղեկավար, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին զարմացրեց շատերին`ներկայացնելով «Հայաստանը եւ ՅՈւՆԵՍԿՕՆ» վերտառությամբ գիրքը: Գրքի մասին տեղեկությունը շաբաթվա վերջում հայտնվեցին Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կայքում ` զարկ տալով բուռն քննարկումներին եւ որակումներին:
Ըստ կայքում տեղադրված նախնական տեղեկատվության, գրքի հեղինակը հենց Գագիկ Ծառուկյանն էր, հետո, սակայն, տեղեկատվությունը փոխվեց, եւ այժմ նշվում է, որ Ծառուկյանը գրքի հրապարակման ոգեշնչողն ու նախաձեռնողն է:

 

Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց, որ իրականում գիրքը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է գրել, այլ Ծառուկյանը նախաձեռնել է եւ հովանավորել է գրքի հրատարակությունը, իսկ գրքի հեղինակը հենց Ինֆորմատիազացիայի միջազգային ակադեմիան է:

Խաչիկ Գալստյանի խոսքով, գիրք հրատարակելու գաղափարը ծագել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամների հետ հանդիպման ժամանակ, եւ մտահղացումը եղել է Գագիկ Ծառուկյանինը` ներկայացնել այնպիսի ժողովածու, որպեսզի «մենք մեր պատմական ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնենք աշխարհին»:

Ըստ կայքում հրապարակված տեղեկատվության, որտեղ ներկայացված է նաեւ Ծառուկյանի կենսագրությունը, «Ծառուկյանը, հիմնվելով պատմական եւ վիճակագրական փաստերի վրա, անդրադարձ է կատարում Հայաստան- «ՅՈւՆԵՍԿՕ» կապին, մերօրյա Հայաստանի պատմությանը, լեզվին, գիտությանը, կրթությանը եւ այլ կարևորագույն ոլորտներին»:

Ըստ նույն տեղեկատվության, գիրքը հնարավոր էր ձեռք բերել այս տարվա հունվարի 1-ից:

«Այս գիրքը` ներշչված Գագիկ Ծառուկյանի կողմից, ունիկալ մի հրատարակություն է` որտեղ նկարագրված են ոչ միայն ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման պատմությունն ու պատճառները, այլ նաեւ դրա նշանակությունն ու ազդեցությունը ժամանակակից Հայաստանի վրա»,- գրված է կայքում:

Ըստ կայքի, «հեղինակը տալիս է շատ հետաքրքիր դիտարկում` վերջին հետազոտությունների եւ բացահայտումների մասին` կապված հայկական պատմության եւ լեզվի, ինչպես նաեւ տեղեկատվություն Հայաստանում մշակույթի, կրթության եւ գիտության մասին` վիճակագրական եւ պատմական տվյալների վերլուծության հիման վրա»,- գրված է կայքում:

Նշվում է նաեւ, որ պատմական ժառանության մասին խոսելիս` գրքում անդրադարձ է կատարվում նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը:

Այն բանից հետո, ինչ այս տեղեկատվությունը հայտնվեց Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կայքում, լուրը մեծ արագությամբ տարածվեց հայկական գրեթե բոլոր կայքերով: Իսկ ահա Facebook սոցիալական ցանցում արդեն երրորդ օրն է, ինչ չեն դադարում քննարկումները Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված գրքի շուրջ: Ցանցում հնչում են հիմնականում զարմացական բացականչություններ:

«Ծառուկյանը գիրք ա գրել: Մայաների օրացույցը փատորեն չի խաբում.. շուտով աշխարհի վերջն ա»,- գրել է ցանցի օգտատերերից մեկը:

Ցանցում կարելի է կարդալ նաեւ այսպիսի մեկնաբանություն. «Հայաստան 2012 թվական.այսօր հայ ժամանակակից գրողներից մեկի թիկնապահները ծեծի են ենթարկել մի լրագրողի»:

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, զարմացած է Հայաստանում նկատված նման արձագանքից:

«Մեդիալաբի» հետ զրույցում Գալստյանը նշեց, թե «մտածում էինք, որ նման արձագանք կլինի Թուրքիայից, բայց չգիտես ինչու, մեր երկրում որոշ էլեմենտներ հիաստերիա բարձրացրեցին»:

«Մեդիալաբի» հարցին, թե արդյո՞ք հայ հասարակությունը կարող է սպասել Գագուկ Ծառուկյանի նոր գրքի, եւ արդյո՞ք Ծառուկյանը ներկայում աշխատում է նոր գրքի վրա, Գալստյանը պատասխանեց. «Չգիտեմ»:

Միաժամանակ, Գալստյանը հավելեց, թե եթե հետաքրքիր նախաձեռնություններ ու գաղափարեր լինեն` ասենք սպորտի մասին, ապա հնարավոր է, որ Ծառուկյանն աջակցի այդ մասին գիրք հրատարակել:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am