Մեծաքանակ թափառող շների կողմից արձանագրվել են հարձակման և կծման դեպքեր․ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել մարտի 3-ին Ավան վարչական շրջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

«Հարգելի քաղաքացինե´ր, տեղեկացնում ենք, որ ամիսներ առաջ մեր կենտրոնից որդեգրված կենդանիների մի մասը կրկին հայտնվել է «Ընտանեկան այգու» և նրա հարակից տարածքում` խախտելով որդեգրման կարգը և պայմանները:

Նմանատիպ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով այգու և նրան հարակից տարածքում թափառող շների քանակն ավելացել է, ինչի արդյունքում մեծաքանակ թափառող շների կողմից արձանագրվել են հարձակման և կծման դեպքեր:

Ելնելով վերոգրյալ իրավիճակից` կենդանիների մի մասը տեղափոխվել է մեր կենտրոն, և այլևս տարածք չի վերադարձվի:

Եվս մեկ անգամ հորդորում և պահանջում ենք`շներին որդեգրելիս լինել պատասխանատու և նրանց պահել համաձայն համապատասխան կարգի:

Այն քաղաքացիները, որոնք չեն պահպանի որդեգրման կանոնները, կզրկվեն Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից կենդանի որդեգրելու իրավունքից: