Պետությունն առանց հիմնավորման անվճար ու վճարովի տեղեր է հատկացնում բուհերին, որոնք կրկին թափուր են մնում. Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

Պարո՛ն Մխիթարյան, 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության քննությունների արդյունքներն արդեն հայտնի են, պատկերը պարզ է, սպասելի՞ էր նման արդյունքը, թե՞ ոչ։

– Եթե մեկ նախադասությամբ ասեմ՝ կարելի է ասել, որ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ էլի պետությունը առանց որևէ հիմնավորման ինչ-որ տեղից վերցրած անվճար ու վճարովի տեղեր է հատկացնում պետական բուհերին, կրկնում եմ, որոնք որևէ ձևով հիմնավորված չեն, ու դրանք հերթական անգամ թափուր են մնում: 

Իրականում դրա տակ որևէ հաշվարկ չկա, թե քանի հոգի ի՛նչ մասնագիտություն կամ բուհ կընտրի, որևէ ձևով կարգավորված չէ: Ընդ որում՝ այդ թվերը տարեցտարի նվազում են, բայց թափուր տեղերը մնում են՝ նույնիսկ առկա համակարգով անվճար տեղերով սովորելու համար, ինչը շատ զարմանալի է, որովհետև գոնե դրանք պետք է լրացվեն: Ստացվում է, որ պետությունն ինչ-որ բան իբր մտածել է, բայց դրանք ևս չեն համալրվում։ Օրինակ՝ այս տարի Երևանի պետական համալսարան ընդունվել է 2147 դիմորդ, թափուր է մնացել 1042 տեղ, սա է ընդհանուր պատկերը։

– Դիմորդների նվազման միտումը որքանո՞վ է նպաստում նման պատկեր ունենալուն։

– Դիմորդների թիվն իհարկե նվազում է, որովհետև տարեցտարի նվազում է դպրոցն ավարտող մեր աշակերտների թիվը, դրան զուգահեռ նվազում է նաև հատկացված տեղերի թիվը, բայց դիմորդների թվի նվազմանը զուգահեռ նվազում է նաև հետաքրքրությունը: Շատերը չեն ուզում բուհ գնալ, շատերի կարծիքով՝ դա կարող է 4-6 տարվա ժամանակի ուղղակի վատնում լինել, քանի որ մտածում են, որ արժի, օրինակ՝ 3 կամ 6 ամիս մի մասնագիտություն սովորել ու միանգամից մտնել աշխատաշուկա։ 

Իսկ սա խոսում է այն մասին, որ մեր բուհերը, որտեղ պետությունն ուզում է ինչ-որ ձևով կարգավորել, այսինքն՝ կազմակերպում է ընդունելության քննություններ, չեն համապատասխանում բուհից դուրս գտնվող կյանքի իրական պայմաններին, նրա հետ համընթաց չեն։

– Պարո՛ն Մխիթարյան, ասացիք, որ անվճար ու վճարովի տեղերի հատկացումը պետությունը հաշվարկած չի անում, եթե այդ ամենը հաշվարկով լինի՝ նման պատկեր չե՞նք ունենա։

– Չէ, ուղղակի պետությունը իր քիթը չպետք է խոթի բուհերի գործերի մեջ, որովհետև պետությունն օդից վերցրած թվերով է ընդունելություն կազմակերպում բուհերում, այնուհետև չի հետևում այդ բուհերում կրթության ընթացքին, ավարտելուց հետո համապատասխան մասնագետների աշխատանքի անցնելուն, երկրում մնալուն և այլ հարցերի։ 

Մուտքի պայմաններ սահմանելը պետք է վերապահվի բուհերին, որոնք կկարողանան իրենց կարիքները բավարարելու համար համապատասխան թվով ուսանողներ ընդունել, վարձավճար սահմանել, այսպիսով կմնան այն բուհերը, որոնք կբավարարեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին: 

Պետությունը բնավ գործ չպետք է ունենա, ամենաշատը կարող է համապատասխան անվճար տեղեր հատկացնել, այսինքն՝ կրթաթոշակ տրամադրել, օրինակ՝ լավագույն ուսանողներին կամ պետության համար առաջնահերթ կարևորություն ունեցող մասնագիտությունների համար, ինչպես բոլոր նորմալ երկրներում է։

– Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում 350 անվճար և 8674 վճարովի տեղ թափուր է մնացել, այս ցուցանիշն ինչի՞ մասին է վկայում։

– Այն մասին, որ պլանավորումը հատուկ է պլանային տնտեսությանը, որը եղել է Խորհրդային Միության ժամանակ, հիմա շատ դժվար է շուկայական ժամանակակից հարաբերություններում նման բաներ պլանավորել։ 

– Հետագա տարիներին նման պատկեր չունենալու, դիմորդների թիվն ավելանալու համար ի՞նչ է պետք անել։

– Ամենակարևորը՝ կրթության ոլորտում որոշումներ կայացնողներին փոխելն է, ես դա շատ եմ կարևորում, որովհետև որոշում կայացնող մարդիկ այս ոլորտից շատ հեռու են, չունեն փորձառություն, և այս ամենի հետևանքով ունենում ենք այս պատկերը. այսինքն՝ ինչ-որ ձևով որոշում ենք պետական բյուջեի հաշվին ինչ-որ տեղեր հատկացնել, ու այդ որոշումը չենք կարողանում իրականացնել: 

Սրա համար որևէ մեկը պատասխան տվե՞լ է, անհրաժեշտ է, որ պատասխանատվության մեխանիզմ գործարկվի, եթե ինչ-որ որոշում ես կայացնում, որը չի իրականանում, պետք է պատասխանատվություն կրես քո որոշման կայացման համար: Քանի դեռ դա չենք անում, այս պատկերը կշարունակվի ու կարող է ավելի վատանալ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am