Երբ վաճառվեն բոլոր ծաղիկները

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Մարտի 8-ից հետո թերթում ես Ֆեյսբուքը, Ինստագրամը։ Ծաղիկներ, օծանելիք, այֆոն, ռեստորաններ… գեղեցիկ կանայք։ 

Մարտի 8-ը դարձել է մեծ վաճառքի հերթական տոն, առիթ, սև ուրբաթի վարդագույն և թանկ տարբերակը։ Սա այս օրվա առաջին փոխակերպումը չէ։ 

Ի սկզբանե ենթադրվում էր, որ ամեն տարի մարտի 8-ին պետք է ամփոփենք անցած 365 օրը, արձանագրենք, թե ի՛նչ է արվել կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության համար, ինչ չի արվել, ինչ պետք է արվի։ 

Բայց խորհրդային ժամանակաշրջանում այս օրը վերածվեց կանանց հանդեպ մի կտոր ուշադրության և քնքշանքի տոնի։ Կարծում եմ՝ սոցռեալիզմի էսթետիկայի և գործարանային աղմուկի մեջ թաթախված կանայք ամենևին էլ դեմ չէին մի օր գեղեցիկ ծաղիկներ ստանալուն և ուշադրության արժանանալուն: Ասես դու հոսքագծի վրա աշխատող Օլգան չես, ասես լեդի ես։ 

Այս երևույթը, սակայն, փոխվեց նոր աշխարհակարգի և խաղի կանոնների հաստատմամբ։ Այլևս մենք ազատ, վայրի, ես կասեի՝ գազազած կապիտալիզմ ենք սիրում, ըստ այդմ՝ եթե տոնը չի վաճառվում, ուրեմն տոն չէ։ 

Ամբողջ աշխարհում ամենանշանավոր օրերից մինչև ամենապարզունակ գործողություններ այլևս կցված են առքուվաճառքի գործընթացին։ Հարսանիք, կնունք, գործնական զրույց, երեխայի հետ զբոսանք, կրթություն, մարզանք, Կանանց միջազգային օր…

Աշխարհում հարյուրավոր նշանավոր օրեր կան՝ Ալցհեյմերի օրից մինչև Հայրերի օր, բայց իրական ժողովրդականությունն այն օրերինն է, որոնք կարելի է այնպես փաթեթավորել, որպեսզի հնարավոր լինի խթանել առևտուրը։ 

Եվ այս մեծ ու աղմկոտ շուկայում, գեղեցիկ ծաղիկների և բուրավետ օծանելիքների հետևում թաքնված են կանանց իրավունքների խախտումների հարյուր հազարավոր օրինակներ։

Արցախ, Աֆղանստան, Իրան, Ուկրաինա, Ամերիկա, Թուրքմենստան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան և այլն, և այլն…

Պատերազմներ և իշխանության եկած ծայրահեղականներ, միապետություններ, բարբարոսական ադաթներ, կրթության, ազատ տեղաշարժի, ազատ հագնվելու,սեփական մարմինը և առողջությունը տնօրինելու իրավունքների կոպտագույն խախտում, ամենուր, ամեն օր։ 

Բայց այս ամենի մասին գրեթե չենք գրում, չենք խոսում, դրա փոխարեն ուզում ենք մտածել գեղեցիկի, նախընտրելի է՝ թանկի և տարբերվողի մասին։ Սա է նոր աշխարհի բանը։ Խաղի կանոնները հետևյալն են։ 

Գոյություն ունի մրցավազք։ 

Դու պետք է ամեն ինչ անես հաջողակ կին դառնալու համար։ Գնա թայմ մենեջմենթի դասերի, հասցրու գործդ, տեսքդ, երեխաներին, աշխատիր շատ փող, վարձիր օգնականներ, մաքառելով բարձրացիր սոցիալական բուրգի վերևները։ (Գրեթե նույն կոնցեպցիան առաջարկվում է նաև տղամարդկանց, բայց այսօր կանանց մասին ենք խոսում)։ 

Ու երբ կգտնվես վերևներում, քո իրավունքները ոչ ոք չի ոտնահարի, չէ՞ որ դու ռեսուրս ունես։ Թվում է՝ խելքը գլխին միտք է, բայց արի ու տես, որ այս կոնցեպցիան ենթադրում է, որ եթե դու բուրգի վերևներում չես, ուրեմն երևի ալարկոտ, ապաշնորհ, անընդունակ ես, և այս դեպքում հարց է ծագում՝ գուցե դու ի՞նքդ ես մեղավոր, որ քեզ նեղն են գցել, որ զրկված ես։ 

Իսկ եթե դու ես մեղավոր, այս դեպքում քո պահանջը, օրինակ՝ անվճար բժշկության, հնչում է որպես պահանջ հօգուտ ծույլերի և հիմարների։ 

Այս իրականության մեջ ապրող կինը այլևս չի ուզում պայքարել հանուն հստակ օրենքի փոփոխության, հանուն, ասենք, «ապակե առաստաղի» վերացման և այլն, նա ամբողջ ուժով ջանում է ցույց տալ, որ ֆեմինիզմը, կանանց իրավունքները, ապակե առաստաղները իրեն չեն հետաքրքրում, քանի որ ինքն արդեն դրանցից վեր է, տարբերվող, բուրգի վերևներում (այֆոնը վկա)։ 

Չպաշտպանված լինելու վախը ստիպում է ձևացնել և համոզել ինքդ քեզ, որ դու դրա կարիքը չունես, քանի որ արդեն իսկ այնտեղ ես, պաշտպանվածների կաստայում։ Հերքումը՝ որպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։ Սոցիալական ցանցերն էլ մեզ օգնական։ 

Այս իրականությունը տեսիլք է, որի մասին երգում են բոլոր գովազդները ռեստորանային մեղմ երաժշտության նվագակցության ներքո։ Տեսիլք, որը վերանում է ամեն անգամ, երբ գնում են բոլոր ծաղիկները։ Դրա համար մարկետոլոգները և քաղաքական աճպարարները նոր և թարմ ծաղիկներ են բերում։ Շնորհավոր Մարտի 8։ 

Քանի կա առքուվաճառքը, տոնը միշտ շարունակվում է: 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am