Տեղեկանք Արցախի Հանրապետությունում 2021 թ․ դեկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2 համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

Դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում գործող «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։

«Ականատես»-ի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը և դրանց նկատմամբ հանրային անկողմնակալ հսկողությանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ:

Դիտարկման մեթոդաբանություն

Երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2021 թ. նոյեմբերի 20-ին՝ դիտարկելու և գնահատելու նախընտրական և քվեարկության օրվա գործընթացները:

Նախընտրական ժամանակահատվածում դիտարկման առարկա են հանդիսացել ընտրությունների վարչարարությունը, այդ թվում՝ Տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, գործողությունների համապատասխանությունը ժամանակացույցին, համայնքի ղեկավարի թեկնածուների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, բողոքների քննությունը և այլն:

Տվյալների հավաքագրումը կատարվել է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև՝ մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Տեղերում դիտորդները հանդիպել են տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների,  թեկնածուների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների հետ: Տեղեկատվության ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով ստացված տվյալները հնարավորինս ստուգվել են մի քանի անկախ աղբյուրների միջոցով:

Ընտրությունների մասին

ԱՀ կառավարության՝ 2021թ. հոկտեմբերի 20-ի N 1125 -Ն որոշմամբ 2021 թ․ դեկտեմբերի 10-ին նշանակվել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրություններ։

Նույն թվականի հոկտեմբերի 22-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է ԱՀ ՏԻՄ-երի ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին N 11-Ա որոշումը[1]՝ հաստատելով նաև ընտրությունների նախապատրաստման և անկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը[2]։

Ըստ ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների 2021 թ․ նոյեմբերի 30-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում էր․

  • ք. Մարտունի – 4049
  • գ. Գիշի – 967 [3]։

Ընտրություններին գրանցվել է համայնքի ղեկավարի թվով 3 թեկնածու (բոլորն ինքնաառաջադրմամբ), որոնցից․

  • Մարտունի համայնքում համայնքի ղեկավարի 1 թեկնածու,
  • Գիշի համայնքում համայնքի ղեկավարի 2 թեկնածու։

Հիմնական բացահայտումներ

Համաձայն դիտորդների տրամադրած տվյալների ընտրությունների` նախընտրական հատվածն ընթացել է հանդարտ, առանց էական խոչընդոտների և խախտումների։

Ընտրությունների վարչարարություն

Տարածքային ընտրական հանձնաժողովները հիմնականում հետևել են Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև՝ ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցին։ Տարածքային ընտրական հանձնաժողովները նախընտրական շրջանում խախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացել։ Դիտորդների կողմից տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքներում որևէ խնդիրներ չեն արձանագրվել, իսկ հանձնաժողովների վերաբերմունքը դիտորդների նկատմամբ գնահատվել է համագործակցային։

Նախընտրական քարոզչություն

ԱՀ ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է 2021 թ․ նոյեմբերի 16-ին, և ընթանում է մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 24։00-ն[1]։

Ըստ երկարաժամկետ դիտորդների՝ նախընտրական քարոզչությունը եղել է պասիվ՝ պայմանավորված հիմնականում՝

  • թեկնածուների քիչ քանակով և մրցակցության բացակայությամբ,
  • հետպատերազմյան շրջանում ընտրողների հուսալքվածությամբ և անվտանգային ռիսկերի ֆոնին՝ ընտրական գործընթացների նկատմամբ թերահավատությամբ,
  • համայնքապետարաններում համայնքի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների/բյուջեի և բավարար լիազորությունների բացակայությամբ և դրանով պայմանավորված, ՏԻՄ-երից ունեցած նվազ ակնկալիքներով՝ անկախ ընտրությունների արդյունքներից։

Նախընտրական քարոզչանյութերի տարածման կանոններում խախտումներ չեն արձանագրվել։ Համայնքի ղեկավարները, ըստ սահմանված կարգի, համայնքի տարածքում առանձնացրել են անվճար տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար։ Այնուամենայնիվ, համայնքներում քարոզչությունը եղել է պասիվ։ Թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ չեն տպագրվել։ Թեկնածուներից միայն Մարտունի համայնքի ղեկավարի թեկնածուն է, որն ունեցել է նախընտրական ծրագիր, իսկ Գիշի համայնքի ղեկավարի թեկնածուները քարոզչությունն իրականացրել են հիմնականում անհատական հանդիպումների միջոցով։

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման նպատակով թեկնածուներից ոչ մեկը նախընտրական հիմնադրամ չի ձևավորել, որը նաև ԱՀ ընտրական օրենսգրքով պարտադիր պահանջ չէ[1]։

Քվեարկության օր

«Ականատես» առաքելության դիտարկման արդյունքներով, Արցախի Հանրապետությունում 2021 թ. դեկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններն, ընդհանուր առմամբ, ընթացել են խաղաղ մթնոլորտում և քաղաքացիները հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։

Քվեարկության օրվա գործընթացը դիտարկելու նպատակով ներգրավվել է 4 միջազգային («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից) և 4 տեղական («Քաղաքացիական հաբ» ՀԿ կողմից) դիտորդ, ինչպես նաև շրջիկ դիտորդական խումբ՝ տեղամասերի շրջակայքում և համայնքում ընդհանուր միջավայլրը դիտարկելու նպատակով։


Նախապատրաստման փուլ

Քվեարկության օրը՝ առավոտյան ժամը 07։00-08։00 ընկած ժամանակահատվածում տեղամասերի նախապատրաստումն անցել է խաղաղ պայմաններում։

Տեղամասերից որևէ մեկում չի խոչընդոտվել դիտորդների մուտքը։

Մարտունի քաղաքի թիվ 5/3 տեղամասում հանձնաժողովի անդամները ներկայացել են 7։40-ին, որից հետո միայն սկսվել է նիստը։ Այնուամենայնիվ, նախապատրաստական աշխատանքները ավարտվել են ժամանակին, և քվեարկությունը սկսվել է 8։00-ին։

Բոլոր 4 տեղամասերում բացակայել են թեքահարթակներ, ինչն առանձին դեպքերում (նկատվել է 2 միջադեպ) խոչընդոտ է հանդիսացել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրությունը կազմակերպելու համար։ Չնահած այդ հանգամանքին, ընտրական տեղամասերն ներկայացած բոլոր քաղաքացիները կարողացել են կատարել իրենց ընտրությունը։

Թիվ 5/4 տեղամասում բացակայել է չհրկիզվող պահարանը, և հանձնաժողովի անդամները ընտրական նյութերը պահել են սովորական պահարանում, որի հետևանքով, սակայն, խնդիրներ չեն առաջացել։

Բոլոր տեղամասերում քվեարկությունը մեկնարկել է ժամանակին՝ ժամը 08։00-ին։

Քվեարկության ընթացք

Քվեարկությունն ընթացել է խաղաղ մթնոլորտում, խախտումներ չեն արձանագրվել։

Հարկ է նշել նաև կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի պայմաններում հակահամաճարակային պայմանների բարձր մակարդակով ապահովումը։ Բոլոր տեղամասերում ներկա է գտնվել բուժանձնակազմ, կատարվել են ջերմաչափում և ախտահանում, մինչև տեղամաս մտնելը բոլորին անխտիր տրամադրվել է դիմակ և ձեռնոց։

Քվեարկությունը բոլոր տեղամասերում ավարտվել է, և դրանք փակվել են ժամանակին՝ 20։00-ին։

Արդյունքների ամփոփում

Քվեարկության և տեղամասերի փակման գործընթացներն անցել են խաղաղ։ Քվեարկության ամփոփման ժամանակ առանձին դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր դիտարկում

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ դիտորդական առաքելության կազմակերպումն ու ընթացքը եղել են սահուն, առանց խոչընդոտների։ Դիտորդների իրավունքները նախընտրական քարոզարշավը և քվեարկության գործընթացը դիտարկելու ընթացքում չեն խոչընդոտվել։ Դիտորդներն արժանացել են բարյացակամ վերաբերմունքի ինչպես ընտրական հանձնաժողովների, այնպես էլ՝ այլ դերակատարների կողմից։

Ընտրական գործընթացները հիմնականում համապատասխանել են ԱՀ ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին։