ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի նախկին ղեկավարների հետ քննարկումների առանցքում եղել է ռուս-հայկական բարեկամությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք խոսել ենք բոլոր արդիական հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են 2020 թվականի վերջին ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության, հումանիտար աջակցության մասին»,- ասել է ՌԴ դեսպանը:

Կոպիրկինն ընդգծել է, որ իր համար հետաքրքիր է եղել լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

ՌԴ դեսպանը հունվարի 25 ին հանդիպել էր  Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ փետրվարի 4-ին՝  Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: