Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում (ՀՕՀ)՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Պաշտոնամուտի արարողության ժամանակ Արցախի ԱԳ նախարարն ընթերցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։
Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընդունել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ԱԳ նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել է Արցախ-Հարավային Օսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը, պետական և հասարակական տարբեր կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը։