Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել

Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Հրաչ Պողոսյանը, Աշոտ Ալեքսանյանը և Կորյուն Ղաֆադարյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայությունների:  

Միջոցառման ընթացքում Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հրաչ Պողոսյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Գոհունակությամբ ենք անդրադառնում ճարտարապետության ասպարեզում Ձեր գովարժան վաստակին: Մասնագիտական երկարամյա բեղմնավոր գործունեության ընթացքին Դուք հեղինակել եք բազմաթիվ շենքերի ու շինությունների կառուցման ու վերականգնման նախագծեր: