Ստոմատոլոգները 20-40 %-ով գները բարձրացրել են

Ստոմատոլոգները 20-40 %-ով գները բարձրացրել են
Ստոմատոլոգները 20-40 %-ով գները բարձրացրել են

Ստոմատոլոգիական որոշ կլինիկաներ իրենց ծառայություններն արդեն 20-40 % թանկացրել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին մայրաքաղաքի մի քանի ստոմատոլոգիական կենտրոնների ղեկավարներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` օրերս արած այն հայտարարությանը, թե «ով թանկացնի, նրանցով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կզբաղվի», մեր զրուցակիցներից մեկը պատասխանեց` «թող զբաղվեն, մենք էլ կփակենք մեր կլինիկաները, թող իրանց մտերիմները գան տարածքը վերցնեն՝ սաունա բացեն»:

Aravot.am-ի հետ զրուցած կլինիկաների ղեկավարների, բժիշկների եւ նրանց կենտրոնների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Նոր հարկատեսակով ստոմատոլոգներն ընդամենը մեկ ամիս են աշխատում, բայց ինչպես իրենք են հավաստիացնում, արդեն նկատել են հաճախորդների հոսքի նվազում: Բժիշկներից մեկի խոսքերով. «Անկախ նրանից՝ ծառայությունների գները բարձրացրել ենք, թե ոչ, քաղաքացիների մեջ արդեն տարածվել է, թե թանկացրել ենք, դրա համար էլ գերադասում են չդիմել: Տեսնենք ինչ են որոշում, եթե ոչ մի փոփոխություն չանեն, իմաստ չունի այստեղ մնալ, արդեն բժիշկներ կան թքել են ամեն ինչի վրա՝ հեռանում են»:

Aravot.am-ի տեղեկություններով, «Մառստոմ» ստոմատոլոգիական կլինիկան արդեն դադարեցրել է գործունեությունը, տնօրենի հետ մեզ չհաջողվեց խոսել: Կլինիկայի հեռախոսները օրվա մինչ այս ժամը չէին պատասխանում: Ստոմատոլոգները վստահեցրին, որ «Մառստոմ»-ը միակ փակված կենտրոնը չէ, կան նաեւ որոշ անհատ ձեռներեց ստոմատոլոգներ, որոնք, հարկային բեռի ավելացումից հետո, նույնպես դադարեցրել են իրենց գործունեությունը: Կարդալ ավելին