«Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով». պաշտոնական քարոզարշավի մեկնարկը որոշ կուսակցություններ կհետաձգեն

«Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով».  պաշտոնական քարոզարշավի մեկնարկը որոշ կուսակցություններ կհետաձգեն
«Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով». պաշտոնական քարոզարշավի մեկնարկը որոշ կուսակցություններ կհետաձգեն

Սուրբ Զատիկի տոնի առթիվ որոշ քաղաքական ուժեր մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ապրիլի 8-ից հետաձգել են ապրիլի 9-ը:
ԱԺ փոխնախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորին շնորհավորում է Հարության տոնի կապակցությամբ:
«Աստված բոլորիս պահապան և թող Զատիկից հետո բոլորս մաքրված հոգիներով և բարի քրիստոնեական շարժառիթներով իրականացնենք մեր քարոզարշավը»,-ասում է նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կսկսի օրենքով սահմանված ժամկետում` ապրիլի 8-ից:

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր վերջին ասուլիսում նշել էր, որ նախընտրական պայքարը կսկսի ապրիլի 7-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքով: Եվ հաջորդ օրվանից կսկսեն քարոզարշավը:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն իր քարոզարշավը կսկսի ապրիլի 9-ից: ՀՅԴ ԳՄ անդամ և մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը նշում է, որ բուն քարոզարշավը սկսելու է ապրիլի 10-ին Ազատության հրապարակում նախաձեռնած հանրահավաքով: Իսկ հանրահավաքի նախօրեին՝ ապրիլի 9-ին, տեղի է ունենալու ՀՅԴ նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը նույնպես քարոզարշավի առաջին օրը չի մեկնարկի:

«Քանի որ Զատիկ է, մենք հրապարակային միջոցառում չենք նախատեսել»,- ասում է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը նախընտրական քարոզարշավը կսկսի ապրիլի 9-ից: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում բոլորին հրավիրում է մասնակցելու «Ժառանգության» և«Ազատ դեմոկրատների» քարոզարշավի մեկնարկը խորհրդանշող միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան մեծ դահլիճում:

«Ձեզ հնարավորություն կընձեռվի ծանոթանալ մեր թեկնածուների և ծրագրերի հետ: Իսկ ցերեկույթն էլ ավելի կգեղեցկացնեն Վարդուհի Վարդերեսյանը, Վահան Արծրունին, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը: Մուտքն ազատ է»,- նշում է նա:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը քարոզարշավը կսկսի ապրիլի 10-ին: Ըստ ՀԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանի՝ հաշվի առնելով այն, որ առաջիկայում Սուրբ Զատիկն է, այնուհետև Մեռելոցը, տոներից հետո միայն կսկսեն քարոզարշավը:

«Միավորված հայեր» կուսակցությունը օրենքով սահմանված կարգով քարոզարշավը կսկսի ապրիլի 8-ից:

«Կուսակցության ներսում կլինի շտաբերի բացում իսկ հանդիպումները կլինեն հաջորդ օրվանից»,- ասում է կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Ղահրամանյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր քարոզարշավը կսկսի ապրիլի 8-ին, սակայն միայն հեռուստատեսությամբ: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշում է, որ Սուրբ Զատիկը կտոնեն, ապա անդրանիկ հանդիպումը կունենան ապրիլի 10-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am