Պետք է հետ պտտել սլաքները եւ պատասխան պահանջել, նախորդների սխալների հետևանքով տուժում է Հայաստանի Հանրապետությունը. Իրավապաշտպան

Պետք է հետ պտտել սլաքները եւ պատասխան պահանջել, նախորդների սխալների հետևանքով տուժում է Հայաստանի Հանրապետությունը. Իրավապաշտպան
Պետք է հետ պտտել սլաքները եւ պատասխան պահանջել, նախորդների սխալների հետևանքով տուժում է Հայաստանի Հանրապետությունը. Իրավապաշտպան

Իրացման գոտիների բնակիչների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները փաստում են, որ Հայաստանում սեփականության իրավունքի զանգվածային խախտում է եղել, չի գործել արդարադատությունը, իսկ դատարանները ծառայել են նախկին իշխանություններին՝ նրանց ծրագրերը կյանքի կոչելու համար։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը պարտավորվում է Երևանի Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանին 1 միլիոն 608 հազար եվրո վճարել՝ նրա խախտված իրավունքի համար։

Նշենք, որ սա աննախադեպ փոխհատուցման չափ է և գերազանցում է մինչև օրս Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։

Հիշեցնենք՝ դեռևս 2016 թվականի իր որոշմամբ ՄԻԵԴ-ն անդրադարձել էր նշված գործին, որը կոչվում է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։ ՄԻԵԴ-ի այդ որոշման մեջ նշվել էր, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Դա աննախադեպ երևույթ էր, քանի որ առաջին անգամ նշվում էր դատավորի անուն, որի գործողությունների հետևանքով խախտվել էր քաղաքացու իրավունքը։ 

Յուրի Վարդանյանի ընտանիքի փաստաբան Սերգեյ Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ ժամանակին Յուրի Վարդանյանի տան արժեքի մի չնչին մասը փոխհատուցվել էր, իսկ հողամասի դիմաց փոխհատուցում չէր տրվել այն պատճառաբանությամբ, որ այդ հողամասն իր սեփականությունը չէր:

Նշենք, որ հենց սեփականությունից զրկելու որոշումը կայացվել էր Վճռաբեկ դատարանում, որի նախագահն այն ժամանակ Արման Մկրտումյանն էր։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է, որ Հայաստանում նման դեպքեր շատ են գրանցվել, պարզապես այս դեպքը շատ քննարկվեց, քանի որ փոխհատուցման ծավալներն ավելի մեծ են։

«Մենք այդպիսի դեպքեր շատ ունենք և դեռ ունենալու ենք։ Սա խոսում է այն մասին, որ նախկինում արդարադատությունը՝ որպես համակարգ, չի գործել, դատարանները՝ որպես անկախ մարմին, չեն գործել, եղել են իշխանությունների կցորդ և ծառայել են իշխանությունների ծրագրերի իրականացմանը։ Հիմա մենք մեր բյուջեից հարկատուների հաշվին պետք է այդ վճարումները կատարենք»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ սա փաստում է, որ մենք գործ ենք ունեցել սեփականության իրավունքի զանգվածային խախտումների հետ։ Այն ժամանակ բոլոր իրավապաշտպաններն ու այլ մասնագետներ ասում էին, որ այս ամենն անհետևանք չի մնալու, Եվրադատարանն անդրադառնալու է այս ամենին։ Բայց, ըստ իրավապաշտպանի, այն ժամանակվա իշխանությունները թքած ունեին, թե ինչ կլինի։

«Նրանց թվում էր, թե ամեն ինչ կարող են, և, ըստ էության, ամեն ինչ անում էին։ Հիմա ես լրագրողներին առաջարկում եմ կապվել նախորդ իշխանության ամենակարկառուն դեմքերի հետ՝ Դավիթ Հարությունյանի, դատավորների, որոնք ամեն ինչ արել են, որ այդ ամենն իրականություն դառնա, կայացրել են այդ վճիռները։ Պետք է նրանք մեկնաբանեն, թե ինչու են այդպես արել, ինչ էին մտածում, ինչու էին այդպես մտածում։ Ակնհայտ էր, որ այս ամենն անհետևանք չէր կարող մնալ, այդ մարդկանց նախկինում դա բազմիցս ասվել է։ Եվ հիմա նրանց սխալների հետևանքով փաստորեն տուժում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասում է նա։

Ըստ Վարդան Հարությունյանի՝ այս իշխանությունները պետք է գնահատական տան նախորդների արածներին։ 

«Բայց թե ինչպես, երբ՝ դա արդեն իշխանություններից պետք է հարցնել։ Ես կարծում եմ՝ գնահատականներ պետք է տրվեն, կոնկրետ անուններ պետք է հնչեն»,- ասում է իրավապաշտպանը։

Անդրադառնալով այն հարցին, որ նման դեպքերում գուցե մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի վճիռներ կայացրած դատավորներից գանձվեն ֆինանսական փոխհատուցումները, իրավապաշտպանն ասում է, որ նման մեխանիզմ ու օրենք ներկայումս չեն գործում։

«Ես այս հարցի վերաբերյալ միանշանակ կարծիք չունեմ, որովհետև սա երկակի է։ Մի դեպքում դատավորները պետք է կաշկանդված չլինեն իրենց վճիռները կայացնելիս, մյուս դեպքում էլ՝ դատավորները պետք է իմանան, որ իրենց վճիռների համար պատասխանատու են։ Սրան պետք է առաջին հերթին պետությունը նպաստի, որպեսզի երկրում լինի իրական արդարադատության համակարգ։ Միայն այդ դեպքում դատավորը պատասխանատու կլինի իր վճիռների համար։ Հակառակ դեպքում դատավորն ընդամենը զինվորի պես հրաման է կատարել, և վերջ»,- հավելում է իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանը նաև նշում է, որ նաև պետք է քննության առարկա դառնա այն հարցը, թե ինչպես են ժամանակին նման վճիռներ կայացվել, ովքեր են հանձնարարություն տվել դատավորներին, ինչու են դատավորները զինվորի պես հրահանգներ կատարել։ 

«Այդ ամենին պետք է անդրադառնալ, պետք է հետ պտտել այդ սլաքները»,- նկատում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am