Կառավարության դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձը ձեռք է բերել և իրացրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 22։30-ի սահմաններում կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից Մ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իրացնելու նպատակով իր մոտ պահել 3,78 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2023 սեպտեմբերի 20-ին Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ` նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը):

2023 թվականի սեպտեմբերի 21-ին Մ.Ա.-ին ներկայացվել էր մեղադրանք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատել է Մ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված քրեական վարույթի նախաքննությունը` զանգվածային անկարգություններին մասնակցելու և զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածներով, շարունակվում է: