«Կիսարձակուրդ». «Հարսնաքարի» գործով ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու 4 քաղաքական ուժերի ստորագրահավաքը շարունակվում է

«Կիսարձակուրդ». «Հարսնաքարի» գործով ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու 4 քաղաքական ուժերի ստորագրահավաքը շարունակվում է
«Կիսարձակուրդ». «Հարսնաքարի» գործով ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու 4 քաղաքական ուժերի ստորագրահավաքը շարունակվում է

ԱԺ 4 խմբակցության 21 պատգամավոր արդեն ստորագրել է «Հարսնաքարի» դեպքի առընչությամբ արատահերթ նստաշրջան հրավիրելու մասին նախագիծը:
Չնայած նրան, որ նախաձեռնությանը միացած ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ներկա պահին, տեխնիկապես հնարավոր չէ ապահովել եւ հավաքել անհրաժեշտ ստորագրությունները, քանի որ մեկնարկում են արձակուրդները, ստորագրահավաքն ամեն դեպքում շարունակվում է:
«Այս պահին, երբ խորհրդարանը գտնվում է կիսաարձակուրդային վիճակում, տեխնիկապես հնարավոր չէ 44 ստորագրություն հավաքելը»,-ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ ԲՀԿ ներկա պատգամավորներն ամեն դեպքում կմիանան նախաձեռնությանը:
Ստորագրահավաքը կշարունավի այսօր մինչեւ ժամը 6-ը: 44 ձայն հավաքելու դեպքում հնարավոր կլինի հրավիրել արտահերթ նստաշրջան:

 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վայրագ ծեծի հետեւանքով հունիսի 29-ին Վահե Ավետյանի մահը հասարակական ցասում է առաջ բերել:

Բազմաթիվ մարդիկ իրենց զայրութն արտահայտելու եւ արդարության պահանջով հունիսի 30-ից մոմավառություն, հասարակական բողոքի ակցիաներ են նախաձեռնել թե՛ ռեստորանային համալիրին հարող տարածքում, թե՛ նախագահական նստավայրի, ԱԺ, Դատախազության շենքերի մոտ:

Այսօր եւս, ԱԺ շենքի մոտ էին հավաքվել քաղաքացիներ, որոնց պահանջները հստակ են:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամներն ու ՀՀ քաղաքացիներն այսօր հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց՝ կոչ անելով բոլոր 4 խմբակցությունների («ՀՅԴ», «ՀԱԿ», «ԲՀԿ», «Ժառանգություն») պատգամավորներին մասնակցելու ստորագրահավաքաքին:

«ԲՀԿ որոշ պատգամավորներ, ըստ Նաիրա Զոհրաբյանի հաղորդման, Հայստանում չեն: Մենք իրազեկում ենք, որ Աժ պատգամավորների արձակուրդը հուլիսի 15-ից է եւ պահանջում ենք, որ օրենքի սահմաններում իրենք հետ գան Հայաստան եւ իրականացնեն ՀՀ քաղաքացիների պահանջը»,- ասում է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշում է, որ կողմ է, որպեսզի օրակարգում ընդգրկվի ոչ միայն Հարսնաքարում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրությունը:

«Այլ նաեւ 2001-ի առավել արմատացած անպատժելիության եւ ամենաթողության մթնորոլորտի սկիզբ հանդիսացող Պողոս Պողոսյանի սպանության ուսումնասիրությունը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրանց հետ կապ ունեցող անձանց մեղսակցությամբ հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել: Այս բոլոր պետք է դառնան այդ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան»,- հավելում է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ուր խոսք է գնում գործի քննության մասին:

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ,-նշված է խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ ներկայացված նամակում:

Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով»:

© Medialab.am