Մարզի որոշ դպրոցներում չունենք անհրաժեշտ ջերմություն պահպանելու բավարար պայմաններ, բայց պետք է ջանք գործադրենք՝ խուսափելու հիվանդություններից. Գեղարքունիքի մարզպետ

Հեղինակ MediaLab

Այսօր խորհրդակցություն անցկացրեցի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Խորհրդակցության սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցինք Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեցի տնօրեններին և կրթական համակարգի աշխատակիցներին: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ խոսեցի կրթական համակարգում առկա խնդիրների բարելավման մասին:

Իմ պատկերացմամբ, Արցախյան պատերազմում մեր կրած անհաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը՝ նորովի մոտեցում ցուցաբերելով արդի աշխարհի կրթական պահանջներին։ Արագ զարգացող աշխարհում, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի ձևավորման։ Իսկ այդ կարևորագույն պահանջի իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։

Շնորհակալություն հայտնեցի, առաջին հերթին, մեր դպրոցների այն տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։ Նաև իմ երախտագիտությունը հայտնեցի բոլոր տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին, ովքեր տարբեր կերպ օժանդակել են Արցախին և Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին։

Խնդրեցի, որ առանձնակի ուշադրություն դարձնենք Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաներին, անենք հնարավորը, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն կրթական գործընթացում, ստանան հոգեբանական աջակցություն, հարմարվեն նոր միջավայրին։ Խնդրեցի նաև անձամբ այցելել զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած մեր զինվորների ընտանիքներին, զրուցել նրանց հետ, սփոփել նրանց, նաև մեզ հուշել, թե ինչ կարգի օժանդակություն կարող է ցուցաբերվել մեր կողմից։

Միաժամանակ, առաջարկեցի մեր զոհված զինվորների պատվին դպրոցներում ստեղծել փառքի անկյուններ, կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ։

Խոսեցի նաև դպրոցներում համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին: Շատ կարևոր է նաև դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովումը։ Ճիշտ է, որոշ դպրոցներում մենք դրա համար բավարար պայմաններ դեռ չունենք, սակայն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք, որպեսզի խուսափենք սուր շնչառական հիվանդություններից ու դրանց տարածումից։

Խոսվեց նաև օրենքով սահմանված կարգով դպրոցական շենքերի տարածքները վարձակալությամբ տրամադրելու, առարկայական օլիմպիադաների մարզային ու հանրապետական փուլերում բավարար արդյունք ապահովելու, տնտեսված միջոցները նպատակային օգտագործելու, փաստաթղթաշրջանառությունն ու գործավարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ուսուցիչների մրցույթների կազմակերպման նպատակով տրվող հայտարարությունները ժամանակին հրապարակելու և այլ հարցերի մասին։ 

Լսեցի դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները՝ տեղում քննարկելով դրանք ու տալով համարժեք պատասխաններ»։