Մի շարք մարզերում ձյուն է տեղում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: