«40 տարվա ընդմիջումից հետո Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ». Հայկ Մարությանը պարգևատրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքապետարանում հյուրընկալել եմ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշը բարձր պահած մարմնամարզության մեր հավաքականի ներկայացուցիչներին:

Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար հուշամեդալով ու պատվոգրերով պարգևատրեցի Խաղերի մեդալակիր Արթուր Դավթյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին:

Ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո մարմնամարզության մեջ գրանցած այս արդյունքը պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք բարելավել մեր մարզիկների պայմանները:

Այժմ, 2020-ի դադարից հետո, գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ նոր մարզադահլիճ ունենալու ուղղությամբ»: