Հայաստանը 2021-ի առաջին եռամսյակում ամենաշատ ծավալով արտահանում է կատարել դեպի Ռուսաստան, Չինաստան, Շվեյցարիա, զգալիորեն ավելի քան 150 անգամ աճել է արտահանումը դեպի Սլովակիա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Հայաստանից 2021-ի հունվար-մարտին արտահանումը կազմել է 572 մլն 864.6 հազար դոլար, ինչը 2020-ի նույն ժամանակի 553 մլն 974.8 հազար դոլարի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Դեպի որոշ երկրներ նկատվել է արտահանման զգալի աճ, որոշ երկրներ՝ նաև նվազում: Դեպի Ռուսաստան արտահանումը հունվար-մարտին կազմել է 147 մլն 303.8 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճելով 2 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը եղել է դեպի Չինաստան՝ կազմելով 79մլն 164.3 հազար դոլար:
Ընդ որում` Հայաստանից Չինաստան արտահանումը 2020-ի հունվար-մարտի համեմատ աճել է 95.1 տոկոսով: Թեև ծավալներով երրորդ ամենախոշորը դեպի Շվեյցարիա արտահանումն է՝ 74 մլն 179.7 հազար դոլարի, սակայն այն նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.6 տոկոսով:
Հայաստանից Սլովակիա արտահանումն աճել է զգալիորեն՝ 156.9 անգամ և կազմել 2 մլն 651.8 հազար դոլար: Աճի նման տեմպը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչությունից մեկնաբանեցին հետևյալ կերպ. «2021 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կապված է հագուստի առարկաների և ներքնակի հիմքերի, անկողնու պարագաների արտահանմամբ»:
Նախարարությունից նաև տեղեկացրին, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ 2021 թվականի հունվար-մարտին Հայաստանից Սլովակիա արտահանվել են հագուստի առարկաներ՝ 1,72 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ, ներքնակի հիմքեր, անկողնու պարագաներ՝ 930,67 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ։ 2020 թվականի հունվար-մարտին Հայաստանի Հանրապետությունից Սլովակիա արտահանվել է հողեր ինֆուզորային (լեռնալյուր), սիլիկային՝ 15,6 հազ ԱՄՆ դոլար մաքսային արժողությամբ։