Մինչև 2018-ը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են

Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել, ծառայությունն իրականացվել է բժշկական կենտրոնների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում և օգտագործվել է մարզային ԲԿ-ների կողմից տրամադրված ախտաբանաանատոմիական դիահերձարանները։

2018 թվականի մայիսից ի վեր մշակվել և կյանքի է կոչվել համապետական դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։ Ըստ այդմ՝

1. Նախագծվել է Երևանում կենտրոնական կառույցի և բոլոր մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքները։ Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Մարտունի քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Սևանի և Գորիսի մասնաճյուղերի հարցն ընթացքում է։

2. 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել են Երևանի լաբորատորիաները, համալրվել են նոր սարքավորումներով:

3. 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանի սառնարանային հատվածը, նաև հիմնանորոգվում է մասնաշենքն ամբողջությամբ։

4. 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են խցիկային սառնարաններ, հիմա էլ շարունակվում է լրացուցիչ սառնարանի կառուցումը:

5. 2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարանային մեծ շարժական համալիր։ Ներկայումս վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը, Սևանի մասնաճյուղի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Մինչ 2018 թվականը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» գենետիկական հետազոտությունների անցկացման համար նորագույն սարք` գենետիկական սեկվենատոր ընդհանրապես չի ունեցել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին և 2021 թվականի հունվարին ներկրվել է 2-րդ ամբողջական հոսքագիծը։

Երկու տարվա ընթացքում 25 տոկոսով մեծացել է աշխատավարձային ֆոնդը, աշխատանքներ են տարվում՝ ուժեղացնելու գիտագործնական բաղադրիչը։ Կենտրոնի բյուջեն վերջին տարիներին հետևյալ պատկերն է ունեցել` 2018 թվականին` 364 մլն դրամ, 2019 թվականին` 481 մլն դրամ:

Նախորդ տարվանից` 32 տոկոսով կամ 117 մլն դրամով ավելի, 2020 թվականին` 594 մլն դրամ: 2018 թվականից` 63 տոկոսով կամ 230 մլն դրամով ավելի: Սա է կառավարության իրական վերաբերմունքը զոհերի և ընդհանրապես, բոլոր հանգուցյալների նկատմամբ:

Մինչև 2018 թվականը Երևանի կենտրոնական մասնաշենքում եղել է դիակային սառնարանային 25 տեղ: 2018 թվականից հետո նմանատիպ տեղերի թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 200-ի: