Հայ կանայք ունեն ներուժ գիտության և ՏՏ ոլորտները առաջ տանելու և զարգացնելու համար․ Հակոբ Արշակյան

Մեկնարկել է Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ ուզում է հորդորել հայ կանանց և աղջիկներին՝ հավատալ իրենց ուժերին և առաջ գնալ։

«FemInno կոնֆերանսը կազմակերպել են կանայք։ Բանախոսներն արդեն բարձունքների հասած կանայք են, ովքեր կիսվելու են իրենց պատմություններով։ Ուզում եմ ոգևորել, որպեսզի հայ կանայք և աղջիկները հետևեն այդ օրինակներին, հավատան իրենց ուժերին և գնան առաջ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Արշակյանը։

Նրա համոզմամբ՝ կանանց զբաղվածությունը տարբեր ոլորտներում քիչ է, որն իր հերթին բացասական հետևանքներ է առաջ քաշում։ Հայաստանն անհրաժեշտություն ունի կանանց ոգևորել, մոտիվացնել՝ գիտության և տեխնոլոգիաների մեջ ներգրավելու համար։

«Ուրախ եմ, որ այստեղ եմ, միաժամանակ, ինձ համար պատիվ է այս կոնֆերանսին ողջույնի խոսք ասել։ Պետք է յուրաքանչյուրս ջանք գործադրենք, որպեսզի կանայք էլ ավելի ակտիվանան տարբեր ոլորտներում»,- նշեց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալը նկատեց՝ Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը։ Նա շեշտեց՝ լիահույս է, որ համաժողովը, միջազգային լինելով, որպես «արտադրանք»՝ կարտահանվի տարբեր երկրներ, ինչի դեպքում ՀՀ կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերի։

«Տեսանք, որ միջազգային բավականին բարձր ներգրավածություն կա և՛ տեխնոլոգիական, և՛ գիտական ոլորտից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց առաջնորդությունն արդեն հասունացել է: Իհարկե, ողջունելի է, որ կանայք ակտիվ են»,- ասաց Արշակյանը։

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվում է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Համաժողովի գլխավոր նպատակներն են՝ բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը: