Կոչ ենք անում պատկան մարմիններին «Ակադեմիական քաղաք» ծրագրում չներառել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան. հայտարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արհեստակցական կազմակերպությունը, հավատարիմ լինելով իր կանոնադրական նպատակներին, սատար Է կանգնում իր անդամների դիրքորոշմանը, իր անհամաձայնությունն ու մտահոգությունը հայտնելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու («Արվեստների» ուղղության մեջ ներառվելու) նախագծին:

12.03.2024 թ. կայացած համակոնսերվատորիական ժողովի ընթացքում, որին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը, ԵՊԿ ուսանողները, շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմը, վարչական աշխատակազմը, ներկաները իրենց անհամաձայնությունը հայտնեցին ԲՈՒՀ-ի այլ վայր տեղափոխելուն:

Պատահական չէ, որ շենքը տեղակայված է քաղաքի փոքր կենտրոնում, որը բացի մշակութային հաստատությունների մաս կազմելուն, նպաստում է ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը և մասնագիտական գործնական մասի հետ կապերին:

Կարծում ենք, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել, թե նախագծի իրականացման դեպքում, այն ինչ ազդեցություն կարող է ունենալ կազմակերպությունների աշխատակիցների շահերի վրա: Գաղտնիք չէ, որ մեր ոլորտի աշխատողները նվիրյալներ են, ԵՊԿ աշխատակիցների վարձատրությունը ցածր է: Մեր աշխատողները, բացի համեստ աշխատավարձից պետության կողմից չունեն որևէ արտոնություն, ներառված չեն Սոցիալական փաթեթի պետական աջակցության ծրագրում: Անհնար է չնկատել նման նվիրյալների կատարած աշխատանքը, որի արդյունքում հանրապետության երաժշտական միակ բարձրագույն դարբնոցում շարունակվում են կատարողական արվեստի լավագույն ավանդույթները, կրթվում են մրցունակ կադրեր, ովքեր ոչ միայն մեր երկրում, այլ նաև նրա սահմաներից դուրս, հիացնում են ունկնդրին, համբավ բերելով թե′ մեր պետությանը, թե′ մեր ԲՈՒՀ-ին։

Վերոգրյալից բացի տեսնում ենք սպառնալիք մեր բուհի յուրաքանչյուր աշխատողի աշխատելու իրավունքին, քանի որ օպտիմալացման արդյունքում սպասելի է հաստիքների կրճատում, որի հետևանքով կառաջանան լրացուցիչ սոցիալական խնդիրներ: Ներկայացնելով մեր անդամների շահերը, պաշտպանելով իրենց ստեղծագործական միջավայրում աշխատելու իրավունքը, միաժամանակ արժևորելով մեր ԲՈՒՀ-ի նշանակությունն ու դերը մեր պետության մշակութային կյանքում, մեր ԲՈՒՀ-ի կարևոր դերը, կոչ ենք անում պատկան մարմիններին «Ակադեմիական քաղաք» ծրագրում չներառել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: