Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, և Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։ Այդ մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, որը հրապարակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հուլիսի 16–17-ին նախատեսված պաշտոնական այցին ընդառաջ։

«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք ցուցաբերել պահանջված աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16–17-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում նա բանակցություններ կվարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։